Մատչելիության հղումներ

Վարչապետին ուղղված ընդդիմադիր պատգամավորի հարցը քաշքուկի առիթ դարձավ. պատգամավորը հեռացվեց դահլիճից


Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր կրքերը բորբոքվեցին, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Պետական պահպանության ծառայության աշխատակցիներին հրահանգեց դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

Ամեն ինչ սկսվեց հենց ընդդիմադիր պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցից։ ԱԺ նախագահին ու իշխանական պատգամավորներին այն դուր չէր եկել։ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի անավարտ հարցը սադրանք համարեց ու ընդհատեց պատգամավորին։

Ընդդիմադիր պատգամավորը բողոքում էր, որ իշխանությունը չի արձագանքել Ադրբեջանի նախագահի ծավալապաշտական հայտարարություններին։ Հետո էլ դժգոհեց ԱԺ բերված Պետական պահպանության ծառայության աշխատակիցներից. «Հիմա այդ անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախռանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել»: Սրան հետևեց Սիմոնյանի զգուշացումը, որին Մկրտչյանն արձագանքեց. «Այսինքն` նախազգուշացնո՞ւմ եք...ճշմարտությունը… այդ կապիտուլյանտների կողմից ձայն այդտեղ մի՛ լսեք»:

Աննա Մկրտչյանի խոսափողն անջատեցին. նա զրկվեց հարց տալու իրավունքից, զրկվեց նաև նիստի ընթացքում խոսելու իրավունքից։ Իրավիճակը կրկին լարվեց, երբ «Պատիվ ունեմ»-ից մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Աբրահամյանն առիթն օգտագործեց ու հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում իր թիմակիցների կողմից ընդդիմադիր պատգամավորին ուղղված արձագանքներին։

«Թիմակիցների արձագանքի վերաբերյալ ասեմ, որ իմ կարծիքով` բավական զուսպ են արձագանքում, ես կասեի` նույնիսկ մեղմ են արձագանքում», - պատասխանեց վարչապետը:

Պատգամավորի երկրորդ հարցին, որը վերաբերում էր պատերազմից հետո տարածքների կորստին, վարչապետը չհասցրեց պատասխանել. Պետական պահպանության ծառայության աշխատակցիները դալիճից հեռացրին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

«Ես խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին տիկին Մկրտչյանին ուղեկցել դուրս: Կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան...», - հրահանգեց Սիմոնյանը:

Մկրտչյանն ասում է՝ իշխանությունը մեկ նպատակ ուներ՝ իրեն զրկել հարց տալու հնարավորությունից։ Ըստ պատգամավորի՝ այլ պատճառ չկար, խոսքում որակումներ էլ չէր կիրառել. «Փաստորեն այս իրականությունն արդեն այնքան վատն էր ու դառը, որ պիտի չլուսաբանվեր, դրա հետևանքով էլ ուղղակի նույնիսկ հարցի ավարտը չկարողացա ձևակերպել: Իրականությունը սա է. այս մարդիկ ամեն կերպ փորձում են, որ Ազգային ժողովի այս դահլիճը զերծ պահեն այն իրականությունից, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության փողոցներում»:

Դահլիճից հեռացվելիս Մկրտչյանը նաև վնասվածք էր ստացել։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանցագործություն է որակում իրենց գործընկերոջը նման կերպ դահլիճից հեռացնելը. «Սա պետք է ընդունվի որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին: Հարցն այն է, որ անհամաչափ ուժ կիրառելով փորձում էին Աննա Մկրտչյանին դահլիճից հանել, ընդ որում անվայելուչ պահվածքով, որին ընդդիմացա ես` բարձրաձայնելով, որ ընդմիջում է հայտարարված` առաջին, և երկրորդ` թողեք հանգիստ պատգամավորը կիրառված պատասխանատվության շրջանակներում կամավոր կատարի», - նշեց Մինասյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները հարձակվել են նաև իր վրա. «Պատռվել է վերնաշապիկը, հարված ստացա ես ճակատիս, ոտքերիս: Սրանք բոլորը վկայություն են այն մասին, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում էր կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելու։ Ժամեր անց նա արձագանքեց նաև ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։ Կառավարության ղեկավարը գովեց ու քաջալերանքի խոսքեր հնչեցրեց ՊՊԾ աշխատակիցների հասցեին։ Փաշինյանի համար նրանց արձագանքը շատ տեղին էր. «Ուզում եմ քաջալերել նրանց` շարունակել պահպանել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը Ազգային ժողովի նախագահի հրահանգներին համապատասխան և ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար: Ես պարզապես նրանց, ուզում եմ տեղյակ լինեք, որ շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին, առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն»:

Ոչ միայն «Պատիվ ունեմ»-ում, այլև «Հայաստան» դաշինքում հայտարարում են՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը հենց իշխող ուժն է սադրել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կանայք ոչ միայն չդատապարտեցին, այլ նաև արդարացրեցին մեկ այլ կնոջ նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան: Սա պարզապես ամոթ է: Արձանագրում համար երեք` արական սեռի ներկայացուցիչները ոչ միայն արդարացրին, այլև ավելին` գնացին նաև հայհոյելու ճանապարհով: Ես իսկապես ցավում եմ և ամոթ եմ ապրում տղամարդկության մասին ձեր պատկերացումների համար», - շեշտեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Խորհրդարանում կրքերը չհանդարտվեցին. իրավիճակը կրկին թեժացավ` կրկին ընդդիմադիր պատգամավորի հարցի պատճառով՝ այս անգամ «Հայաստան» խմբակցությունից։ Այդ դեպքում, սակայն, ոչ ոք չհեռացվեց դահլիճից։

«Ուրեմն էտ ձեր գնդակահարության տեսարանները երբ բեմադրում էիք, էտ ժամանակ հիշեիք` ժողովուրդը կարո՞ղ է որոշում կայացնել, թե՞ չկայացնի: Ու ասում եմ` միլիարդների մասին գնա, վստահորդիդ հետ խոսա», - դիմելով Արամ Վարդևանյանին` ասաց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG