Ազգային ժողովի այսօրվա լարված մթնոլորտը չշրջանցեց նաև լրագրողների օթյակը, որտեղից տեսանելի է խորհրդարանի նիստերի դահլիճը։ Սկսվող ծեծկռտուքի առաջին իսկ վայրկյաններից անվտանգության աշխատակիցները հայտնվեցին օթյակում ու դուրս հանեցին այնտեղից լրագրողներին՝ պնդելով, թե չի կարելի նկարահանել։
Այդ կադրերը նկարահանել է «Սիվիլնեթի» լրագրող Գևորգ Թոսունյանը, նրան ևս օրվա ընթացքում մի քանի անգամ հեռացրել են լրագրողական օթյակից. «Ընդմիջում ընդհանրապես հայտարարված չէր, դա այն պահն է, երբ Վահե Հակոբյանն ամբիոնից որևէ խոսքեր ասաց, իջավ, և նրան մոտեցան ՔՊ-ական պատգամավորները: Դեռ Ալեն Սիմոնյանը չէր հասցրել ընդմիջում հայտարարել, և այդ պահից սկսած քանի որ մեր օթյակում համեմատաբար քիչ էին լրագրողները, անվտանգության աշխատակիցներն առանց որևէ պատճառաբանության, առանց որևէ հիմնավորման պարզապես սկսեցին մեզ քաշելով տանել դուրս»:
Նիստերի ընդմիջումների ընթացքում դադարեցվում է խորհրդարանից ուղիղ հեռարձակումը, սակայն օրենքի որևէ դրույթի համաձայն լրագրողները պարտավոր չեն լքել օթյակը նիստի ընթացքում կամ անգամ ընդմիջումների ժամանակ, ասում են լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այսօր հայտարարություն են տարածել՝ դատապարտելով տեղի ունեցածը և կոչ անելով դադարեցնել լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումներն ու ապօրինի սահմանափակումները։
Իր հերթին Թոսունյանն ավելացնում է, որ Ազգային ժողովի ղեկավարության նպատակը հավանաբար այն է, որ ծեծկռտուքի կադրերը չտարածվեն, սակայն այդ կերպ է հանրությունը հնարավորություն ունենում տեսնելու, թե ինչ է կատարվում օրենսդիր մարմնում. «Դա մեր աշխատանքային միջավայրն է, մենք պաշտպանված ենք արդեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև պաշտպանված ենք Քրեական օրենսգրքով, որը հստակ ամրագրում է, որ լրագրողի գործողությունները խոչընդոտելն արդեն հանցանք է հանդիսանում»:
Ընդ որում, այսօր առաջին դեպքը չէ, երբ լրագողները հեռացվեցին աշխատանքային օթյակից, նույնը տեղի է ունեցել նաև երեկ, երբ նիստի ընթացքում քաքշուկ և վիճաբանություն սկսվեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս բերելու շուրջ։
Լրագրողական 11 կազմակերպություններից բացի, քաղհասարակության ևս 10 կազմակերպություն էլ առանձին է հանդես եկել դատապարտող հայտարարությամբ` գրելով, որ լրագրողների գործունեության սահմանափակումները 8-րդ գումարման Ազգային ժողովում սկսվել են դեռ օգոստոսի 2-ից, երբ արգելվեց ազատ շրջել միջանցքներում, լուսանկարել անվտանգության աշխատակիցներին և այլն։
«Քրեական օրենսգրքով արգելված արարք է: Բոլոր այդ դեպքերով մենք դիմում ենք դատախազություն և հետևողական ենք լինելու քրեական գործի հարուցմանը, և որ պատասխանատվություն կրեն թե՛ այն անձինք, ովքեր կատարել են այդ գործողությունը, այսինքն` անմիջականորեն լրագրողներին հեռացրել են, թե՛ այն ենթադրյալ անձինք, ովքեր այդ հրահանգը տվել են: Ակնհայտ է, որ դա անվտանգության շարքային աշխատողների նախաձեռնությունը չի եղել, առավել ևս որ երեք անգամ է կրկնվել նույնը», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնող Դանիել Իոաննիսյանը:
Նրա կարծիքով՝ այսօր տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք, իսկ ծեծկռտուքի տեսանյութերն, այնուամենայնիվ, տարածվել են, եթե ոչ լրագրողների, ապա նախկին լրագրող, այժմ խորհրդարանի բազմաթիվ պատգամավորների կողմից։
«Բոլորս այդ բոլոր միջադեպերի բոլոր մանրամասները տեսել ենք պատգամավորների նկարած լայվերով, վիդեոներով, և ըստ էության, հանրությունը դա տեսել է, բայց արանքում լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել: Այստեղ նախ հասկանալի չէ, թե որն է իրենց նպատակը, և առավել ևս արձանագրենք, որ իրավաչափ նպատակ չէ հաստատ»:
Օրվա վերջում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում ինքն էլ խոստովանեց՝ լրագրողներին պետք չէր հեռացնել օթյակից. «Ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրել, և ես քննարկել եմ գործընկերներիս հետ, և Աստված մի արասցե, կրկին նման իրավիճակ եթե լինի, ես կարծում եմ, որ մենք որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք, չնայած բնական է` կա մտավախություն, որ որևիցե մեկի լուսնկարը կամ տեսանյութը վիճակում, որտեղ իրեն հարվածում են, կամ ինքը գետնին է ընկնում, կամ ինչ-որ այդպիսի իրավիճակ է լինում, դուրս գա եթեր»: