Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Ազգային ժողովում․ դահլիճից շշեր նետեցին իշխանական պատգամավորի ուղղությամբ


Կրքերն Ազգային ժողովում կրկին լարվել են․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի ամբիոնից դավաճաններ անվանեց բոլոր ժամանակների պաշտպանության այն նախարարներին, ում օրոք զանգով, կամ փողով բանակից մարդիկ են ազատվել։

«Այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018 թվականից հետո, եթե այդ նույն տեմպերով զարգանար 2008 թվականից հետո, նման աղետալի հետևանք, համոզված եմ տեղի չէր ունենա, մենք կունենայինք ավելի քան 10 տարի պատրաստվելու համար։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն Պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Դա բոլոր ժամանակների մասին է», - հայտարարեց Սարգսյանը։

Դահլիճից արձագանքեցին, Սարգսյանն էլ, ի պատասխան, բղավեց․ - «Ես քե՞զ եմ ասում, արա»։

Դահլիճից ջրի շշեր նետեցին Սարգսյանի ուղղությամբ, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա ընդմիջում հայտարարեց։

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ծրագիրը։ Մտքերի փոխանակության համար հերթագրվել է 50 պատգամավոր, նրանցից միայն երեքը երեկ մինչև աշխատանքային օրվա ավարտը հասցրեց ելույթ ունենալ։

Խաղաղություն, կայունություն, տնտեսական աճ խոստացող ծրագրի քննարկումը երեկ ևս միջադեպերով ուղեկցվեց։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն, ուժի գործադրմամբ, դուրս բերվեց դահլիճից, անվտանգության աշխատակիցները քաշքշել էին նաև «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանին։

Այսօր նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը։

XS
SM
MD
LG