Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագրի քննարկումն այսօր չավարտվեց և կշարունակվի վաղը


Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը օրվա երկրորդ կեսին նկատեց՝ Ազգային ժողովում քննարկումները երկու ժամ է չեն ընդհատվել։

Մինչ այդ, սակայն, առավոտից կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը հերթը չէր հասնում։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողովի դահլիճում միմյանց վիրավորում էին, հայհոյում, իրար հետ հաշիվ էին պարզում, փորձում էին բռունցքների կամ ոտքերի ուժն ու իրենց սեղաններին դրված ջրի շշերի ամրությունը։ Ծեծկռտուքների միջակայքում վերականգնվող նիստերի ընթացքում՝ նաև ներողություն էին խնդրում ընտրողներից՝ նման պահվածքի համար, բայց լարվածությունը դրանից չէր թուլանում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից էդուարդ Աղաջանյանն իր բացատրությունն ունի, թե ինչու բովանդակային քննարկում տեղի չի ունենում կառավարության ծրագրի վերաբերյալ։ Իշխանության և ընդդիմության քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթները, ըստ Աղաջանյանի, տարբեր են. մինչ իրենք մտածում են Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու մասին, ընդդիմությունը ցանկանում է վնաս տալ և վերականգնել երբեմնի կոռուպցիոն համակարգերը։

«Կա երկու պատճառ՝ առաջինը, վերականգնել այն կոռուպցիոն համակարգը, որը 20 տարի շարունակ գործել է և որի գոյության պայմաններում կամ հետագայում արդեն որի բացակայության պայմաններում նրանք զրկվել են այդ կոռուպցիոն համակարգից սնվելու հնարավորություններից, և երկրորդը, որն ավելի կարևոր է, իմ կարծիքով, որպեսզի պատասխանատվությունից խուսափեն: Սա ամենակարևոր հանգամանքն է, իմ կարծիքով, և ամենակարևոր շարժառիթը, թե ինչու են մեր գործընկերները զբաղվում քաղաքականությամբ», - հայտարարեց Աղաջանյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այսօր այն փոքրաթիվ պատգամավորներից մեկն էր, որ իր ելույթում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև կառավարության ծրագրին. «Ես փորձեմ ժանրի օրենքը մի քիչ շեղեմ և խոսեմ ծրագրի մասին»:

Խոսելով կառավարության խոստացած ներդրումներից՝ Խաչատրյանը կասկած հայտնեց, որ ներդրողներին կգրավի Հայաստանում ստեղծված միջավայրը. «Ասում եք՝ ներդրումները կհորդեն, պարոն Քերոբյանը ստեղ չի, պարն Գևորգյանին դիմեմ, Դուք պատկերացնո՞ւմ եք ներդրող, որը փող ներդնի մի երկրում, որտեղ կառավարությունը հայտարարում է, որ դատարանը պետք է կառավարության կամքը կատարի»:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, կառավարության ծրագրում գեղեցիկ ձևակերպումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների դեմ պայքարի վերաբերյալ, բայց իրականությունն այլ է:

«Մինչ այս ծրագիրը մենք Ազգային ժողովի ոչ լիագումար նիստերի շրջանակում քննարկում էինք, ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների նկատմամբ, այդ թվում և երեխաների նկատմամբ: Այսինքն կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները», - ասաց Թովմասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ կառավարության ծրագրում բացակայում է «Արցախի հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն նշվում է պարզապես Արցախ. «Ընդ որում՝ մի նախադասության մեջ նշվում է Հայաստանի Հանրապետություն, բայց որևէ ձևով չի հիշատակվում Արցախի Հանրապետություն տերմինը, դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, դա մտածելակե՞րպն է, թե ի՞նչ է, այս «հանրապետություն» եզրույթի բացակայությունը»:

Բացի այդ Աբրահամյանն անդրադարձավ ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած զոհերի թվին, ասաց՝ իրենց փակ քննարկումների ժամանակ այլ թիվ է ներկայացվել. «Մենք մի քանի ֆորմատով առիթ ունեցել ենք և մեզ հնչեցվել է այլ թիվ, որը ես այս պահին չեմ հրապարակում, ճշտումները արեք խնդրում եմ, դուք հրապարակեք: Նիկոլ Փաշինյանի կողմից այլ թիվ է հնչել, որտեղ մոտ 200-ի տարբերություն է եղել և այս պարագայում սա հստակ պարզաբանման կարիք կա»:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց. «Պարոն Տիգրան Աբրահամյանը շատ կարևոր բան ասաց թվերի հետ կապված, պարոն վարչապետի ներկայացրած թվերը չեն հակասում Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկման ժամանակ մեր թվերին, որովհետև հուղարկավորության, անհայտ կորածների...., քանի որ Դուք էլ եք հանձնաժողովի անդամ, մենք միասին կնայենք այդ թվերը և վերջնական պատկերը կունենաք, առավել ևս երբ որ բանավեճի ժամանակ ես Ձեզ տվել էի այդ պահին ամբողջության մեջ այն թիվը, որը հնչեցվեց լսումների ժամանակ»:

Կառավարության ծրագրի քննարկումը նախատեսվում էր ավարտել մինչև օրվա վերջը, բայց դա չհաջողվեց, օրվա առաջին կեսին, օրինակ, տեղի ունեցած միջադեպերի և ծեծկռտուքներից հետո անընդհատ հայտարարվող ընդմիջումների պատճառով միայն 4 պատգամավոր էր ելույթ ունեցել, մինչդեռ կարող էին 15 -ը խոսել։ Ալեն Սիմոնյանն ավելացրեց մեկուկես ժամ տևողությամբ ևս մեկ նիստ՝ առավոտյան ընդմիջումների փոխարեն։ Այնուամենայնիվ, այսօր կառավարության ծրագրի քննարկումը չավարտվեց և կշարունակվի վաղը։

XS
SM
MD
LG