«10 ամիս է` իմ երեխան չկա, ո՞ւր է». անհետ կորածների հարազատներին ԱԱԾ տնօրենն ընդունեց

Անհետ կորած զինծառայողների հարազատներն իրենց երեխաների ճակատագրի մասին լուր իմանալու հույսով այսօր Ազգային անվտանգության ծառայություն էին եկել: Ասում են` մինչ այստեղ հասնելը դիմել են տարբեր գերատեսչությունների ու պաշտոնյաների՝ վարչապետից մինչև պաշտպանության նախարար, բայց ապարդյուն, պատասխանը, որ ստանում են մեկն է՝ սպասե՛ք, աշխատանքներ տարվում են։

«Բայց 10 ամիս է` այդ արդյունքը մենք չենք աշխատանքի: Որևէ մեկը մեզ կարո՞ղ է ասել` 10 ամիս է` իմ երեխան չկա, անհայտ կորած ա, ո՞ւր է», - հարցնում է ծնողներից մեկը:

Ազգային անվտանգության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները Ստեփանակերտի Ցոր զորամասի զինծառայողների ծնողներն են։ Նրանց փոխանցմամբ` հոկտեմբերի 12-ից հետո այլևս չեն կարողացել կապ հաստատել իրենց երեխաների հետ։ Ըստ հարազատների ունեցած տեղեկությունների` զորամասի ծառայողներից միայն քչերն են կարողացել փրկվել. «Սպաները լքել են երեխաներին և փախել են: Մեկ սպա ընդամենը մնացել է մինչև վերջ մեր երեխաների հետ, որի ճակատագիրն էլ հիմա անհայտ է: Հնարավորինս պարզել ենք, հնարավորինս ինչ եղել է, պարզել ենք, հիմա նախաքննության փուլն է, նաև նրանք հարցաքննվել են, քրեական գործ հարուցվել է»:

«Կարևորը հրամանատարները կան, որոնք փախել են վախկոտների նման, հրամանատարները կան: Եթե տեսնում են մեզ, ի՞նչ են մտածում, ես տեսել եմ նրանց, դավաճանի հայացքով նայում են... ի՞նչ են ասել, փախել են: Հրամանատարը, որ փախչի, ի՞նչ կարող է ասել», - նկատում է ներկաներից մյուսը:

Պատասխանատու գերատեսչությունների աշխատանքներից դժգոհ ծնողներն իրենք են ներգրավվել որոնողական աշխատանքներում` զրուցել են զինակից ընկերների հետ, հավաքագրել են փաստեր ու ադրբեջանցիների տարածած տեսանյութեր, որտեղ իրենց պնդմամբ՝ տեսանելի են տղաներից որոշների մարմինները, բայց որոնողական աշխատանքների ընթացքում գտել են միայն տեսանյութում երևացող մարմինների մի մասը։ Զորամասի անհետ կորած 21 զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են հայտնաբերվել, որոնցից 8-ը նույնականացվել են, 1-ը՝ ոչ. «Ամսի 10-ին ես խոսել եմ իմ որդու հետ, ամսի 14-ին իմ ամուսինը ԴՆԹ է հանձնել, ու մինչև առայսօր անգամ մի տոկոս ոչ մի նույնականացում չկա, ու տա Աստված, Աստծուց խնդրում ենք, որ չլինի նույնականացում: Դա մի հատ նշույլ է, ինչ-որ մի հույս, որ մենք մտածենք, թեկուզ գերությունը շատ վատ բան է, անտանելի, բայց գոնե հույս կա, որ մի գեղեցիկ օր այդ երեխաները դուռը կթակեն, կմտնեն»:

Ի վերջո այսօր ծնողներին ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ծնողները փոխանցեցին, որ ձեռք են բերել պայմանավորվածություոն, առաջիկայում ևս հանդիպումներ կլինեն. «Եկանք պայմանավորվածության, որ տարածքը կլքեմ որպես անհայտ կորած զինծառայողի հարազատ պայմանով, որ մենք մեր կողմից էլի լրացուցիչ ինչ անհրաժեշտ է տրամադրել, տեղեկատվություն, նյութեր, ինչ հավաքել ենք, էլի տրամադրում ենք, և ավելի խորացված հետախուզություն կարվի, ու պարբերաբար զեկուցում են կատարված աշխատանքների մասին մեր երեխաների մասով»:

Քննչական կոմիտեն հունիս ամսին հրապարակել էր, որ այդ պահի տվյալներով` 275 անհետ կորած կա։ Չնայած որ պատերազմի ավարտից արդեն շուրջ 9 ամիս է անցել, այդուհանդերձ մինչ օրս էլ անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերից ի վեր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է, 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձանց մարմիններ են։

Անհետ կորածների ծնողները դժգոհ են նաև փաստից, որ մինչ օրս չի հաջողվել ստանալ տեղեկություններ Ադրբեջանում գտնվող գերիների վերջնական թվերի ու անունների հետ կապված, որպեսզի կարողանան հասկանալ՝ իրենց երեխաներից գերության մեջ գտնվողներ կա՞ն, թե՞ ոչ։ Ադրբեջանը մինչ այս պահը պաշտոնապես հաստատել է միայն 45 գերիների առկայությունը, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 104 գերի է վերադարձվել։

«Մինչև ընտրությունները պարոն վարչապետը քանի անգամ շեշտեց` 65 գերին ա, մոռացեք, էլ գերի չկա: Հետո ինչ-ինչ պայմաններում մինչև ընտրությունները ինչ-որ ցուցակ հայտնվեց, որ հավանական գերիներ կարող է լինեն, որ ցուցադրվեց, իր կողմից էլ հայտարարվեց` հարյուր քանի հոգի հավանական գերիներ:

Հիմա ի՞նչ են անում այդ հավանական գերիների հետ կապված, ի՞նչ աշխատանքներ են կատարվում: Ոչ մի ինֆորմացիա չեն տրամադրում, և այսօր մենք հայտարարում ենք` ունենք 244 վերջին տվյալներով, որ մեզ ասել են, անհայտ կորածներ, մենք դրան էլ չենք հավատում արդեն: Ոչ մի թվերի չենք հավատում, մենք արդեն էլ համբերություն չունենք», - հիշեցնում է ծնողներից մեկը:

Դեռևս լիովին նույնականացված չեն նաև պատերազմից հետո գտնված մարմիններն ու մասունքները. դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3752 մարմին ու մասունք, որոնցից 73 փորձանմուշ արդեն 2-րդ կամ 3-րդ անգամ է հետազոտվում։ 142 անանուն մարմին դեռ սառնարաններում է, իսկ 100 զոհվածի մարմին էլ նույնականացվել է, ծնողները հայտնի են, բայց նրանք հրաժարվում են մարմինը հողին հանձնել։