Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքները շարունակվում են, պատերազմից ութ ամիս անց էլ հայտնաբերվում են զինվորների մարմիններ ու մասունքներ 


Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի փրկարարները եղել են ամենուր. պատերազմից ութ ամիս անց էլ հայտնաբերվում են զինվորների մարմիններ ու մասունքներ։

Երեկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 1 աճյուն: Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակից է, ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով՝ վերջին օրերին հիմնականում այս տարածքում են իրականացնում որոնողական աշխատանքները։

«Ըստ էության, ամենաշատ զոհերը և ամենաշատ հայտերը ծնողների կողմից, որ անհետ կորել են, դա եղել է հենց Ֆիզուլու (Վարանդայի) շրջանի այդ հատվածը։ Որոնումները հիմա կենտրոնացել են այդ ուղղությումբ, միաժամանակ նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերում, այլ ուղղություններում ենք իրականացնում», - ասաց Թադևոսյանը։

Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Պատերազմից հետո՝ ամիսներ շարունակ պաշտոնապես չէր հայտարարվում, թե քանի անհետ կորած կա, միայն օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 268 անհետ կորածի մասին։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամիսներ շարունակ շրջում են դիահերձարաններով, հետևում ԴՆԹ փորձաքննությունների ընթացքին, անձամբ մասնակցում որոնողական աշխատանքներին, սեփական հետաքննություններով փորձում գտնել իրենց հարազատի մասին տեղեկություն։

Միջազգային լրատվամիջոցները ևս ուշադրության կենտրոնում են պահում 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարցը։ Հանրահայտ The Guardian-ը գրում է պատերազմից ութ ամիս անց էլ բազմաթիվ զինվորներ դեռևս անհետ կորած են, նրանց ընտանիքները հուսահատորեն լուրերի են սպասում, ԴՆԹ թեստերի նկատմամբ աճում է անվստահությունը և տեղեկատվության պակասը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մինչ օրս 3 հազար 777 մարմնի ու մասունքի դատաբժշկական փորձաքննություններ են իրականացվել, 106 մարմնի և մասունքի փորձանմուշ դեռևս նույնականացման փուլում են. նմուշներից շատերը մի քանի անգամ են հետազոտվել, սակայն անձի ինքնությունը հաստատել չի հաջողվել։

Նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ձեռք է բերվում պայմանավորվածություն արտասահմանյան որոշ փորձագիտական կազմակերպությունների հետ՝ վնասված և բարդ փորձանմուշները հետազոտության ուղարկելու նպատակով։ Նախնական պայմանավորվածությամբ, բանակցությունների ավարտից հետո նմուշները կուղարկվեն Նիդերլանդներ։

Ի դեպ, արտասահամանում հետազոտություն իրականացնելու մասին նախարարությունը արդեն ամիսներ շարունակ հայտարարում է, սակայն մինչ այս պահը որևէ նմուշ չի ուղարկվել հետազոտության։

XS
SM
MD
LG