Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կառավարությունում հանդիպել են վարչապետի պաշտոնակատարին։ Հանդիպման նախաձեռնողն ասում են՝ իրենք են եղել։ 7 ամսից ավելի որդիներից լուր չունեցող ծնողները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի միայն անհետ կորածներով։
«Ես պահանջեցի, ասացի` պարո՛ն վարչապետ, հանձնաժողով ստեղծենք, ասաց` շատ հրաշալի գաղափար է, կստեղծենք: Ստեղծենք, մենք մեր ծնողներով այդ նյութերը որ ունենք, մարդիկ տեսաերիզ ունեն, ես Ֆեյսբուքից կոնկրետ զանգ եմ ստացել, որ իմ երեխան դեկտեմբերի 17-ին գերի է, դեկտեմբերի 20-ին մարդիկ մտել են, կոնկրետ իմ երեխուն տեսել են վիրակապված, էս մարդն ասում ա` քեզ ԴՆԹ անեմ, երեխուդ պիտի հուղարկավորենք», - ասում է անհետ կորած զինծառայողի ծնողը:
Էդիկ Արևշատյանը 18-ամյա որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 16-ին է խոսել, երբ զինվորը Հադրութում էր։ Կասկած չունի՝ տղան ողջ է ու գերեվարված։ ԴՆԹ թեստի առաջին պատասխանն Արևշատյանին չի համոզել. «Չի կարա տենց բան լինի, ով ուզում ա լինի` էդ երեխեքը հետ են գալու, ես պայքարելու եմ, էդ երեխեքը հետ են գալու: Կապացուցեմ ամեն ձևով, ոչ հիմա, հիմա հանձնաժողով կստեղծենք, կհասկանանք` ով է դրա մեղավորը»:
44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների թիվը, ըստ Քննչական կոմիտեի, 230 է. Մեծամորի, Մարտունու, Աբովյանի, Հերացու դիահերձարանների սառնարաններում 142 անանուն մարմին կա։ Որոշ ծնողներ հրաժարվում են ԴՆԹ թեսթ հանձնել, որոշներն էլ հանձնել են, սակայն առ այսօր որևէ պատասխան չունեն: Նրանց չի գոհացնում պետական գերատեսչությունների աշխատանքը։
«Իրականում ես չեմ տեսնում ոչ մի արդյունք: Եթե ես ինչ-որ մի գործ կատարում եմ և արդյունք չեմ տեսնում, ուրեմն իմ գործը սխալ եմ կատարում: Պետք է վերանայվի, պետք է հասկացվի` որտեղ եմ ես սխալներ, բացթողումներ արել, դրա հիման վրա շտկել և ստանալ արդյունք», - ասում է անհետ կորած զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը:
Առողջապահության նախարարության վերջին տվյալով՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 777 մարմին ու մասունք, 106 մարմնի և մասունքի փորձանմուշ դեռևս նույնականացման փուլում են. նմուշներից շատերը մի քանի անգամ են հետազոտվել, սակայն անձի ինքնությունը հաստատել չի հաջողվել։ Նախարարությունից հայտնում են՝ վնասված և բարդ փորձանմուշներն արտասահման են ուղարկվելու։
Անհետ կորած զինծառայողների ծնողների մեծ մասը դեռևս հավատում է՝ իրենց տղան գերեվարված է, նաև կասկածի տակ են դնում կառավարության՝ գերիների վերաբերյալ իրենց ներկայացված թիվը: Համոզված են՝ գերիները 106-ից ավելի են։
«Հստակ գիտեմ` էտ երեխեքն այնտեղ են, հավատացեք` թշնամին առևտուր է անելու մեր երեխեքով ու անում է», - վստահ է Էդիկ Արևշատյանը: