«Կրկին ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի փորձերը ցույց տալ, որ Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ։ Ընդհակառակը, մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մադատ ենք ստացել սեփական ժողովրդից», - կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Փաշինյանը։
«Դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման և սահմանզատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս: Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Կառավարության այս մայիսի 27-ի նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր՝ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ-ի) Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Եթե անհնար լինի ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը, Երևանի համար ընդունելի կլինի միջազգային այլ ձևաչափ. Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ Երևանի համար կարող է ընդունելի լինել միջազգային, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, եթե անհնար կլինի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն. - «Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
Հայ ռազմագերիները գերեվարվել են անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխատվության գոտիներում. Փաշինյան
Գործադիրի այսօր նիստին Փաշինյանը ընդգծեց՝ Ադրբեջանում վերջին շրջանում դատապարտված գրեթե բոլոր հայ ռազմագերիները գերեվարվել են անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխատվության գոտիներում։
Նոյեմբերի 9-ին, ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կնքվեց Արցախում զինդադարի մասին եռակողմ հայտարարություն, որից հետո տարածաշրջան մուտք գործեցին ռուս խաղաղապահները։
«Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների, և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է», - նշեց Փաշինյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ուղիների վերաբացմանը՝ վարչապետի պաշտոնակատարաը հայտարարեց. - «Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։ Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման»։