Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակող օրինագիծ


ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը երեկ ձայների մեծամասնությամբ ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակում է Ամերիկայի կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:

Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ հաջորդ տարի Ադրբեջանին չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև` Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով` միասին վերցրած, անցած տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 միլիոն 600 հազար դոլար էր ստացել:

«Սա ազդակ է Ադրբեջանին», - քվեարկությունից հետո հայտարարեց առաջարկի հեղինակ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: - «Այս նախագիծը հստակ ուղերձ է հղում, որ մենք չենք աջակցելու կամ հանդուրժելու բռնապետական վարչակազմերը, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը, հատկապես երբ այդ քայլերն ուղղված են ժողովրդավար երկրի դեմ»:

Քվեարկությունից առաջ` օրվա առաջին կեսին էլ դեմոկրատ կոնգրեսականն անդրադարձել էր հայ֊ադրբեջանական սահմանի լարվածությանը։ «Ադրբեջանի հարձակումները մասն են մի ծրագրի, որի նպատակն է յուրացնել Հայաստանի տարածքը և հարվածել ժողովրդավարությանը», - Թվիթերում գրել էր նա, հավելելով` եթե Բաքուն արժանի արձագանք չստանա, անընդհատ շարունակելու է մահաբեր այդ հարձակումները:

Երեկ ընդունված օրինագիծը, սակայն, միայն մասնակի է կրճատում Ամերիկայից ռազմական օգնություն ստանալու Ադրբեջանի հնարավորությունները: Բանն այն է, որ ուժի մեջ է մնում օրենքի մեկ այլ դրույթ, որը լիազորում է Ամերիկայի պաշտպանական գերատեսչությանը սեփական հայեցողությամբ ռազմական սարքավորումներ տրամադրել այս կամ այն երկրին` պայքարելու ահաբեկչության, թրաֆիքինգի կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Սա հենց այն հոդվածն է, որով և անցած տարիներին Պենտագոնը տասնյակ միլիոնավոր դոլարներ է տրամադրել Ադրբեջանին: 2018-ին, մասնավորապես, այդ նպատակով Բաքուն ստացել էր ավելի քան 58 միլիոն դոլար, 2019-ին` ավելի քան 40 միլիոն: Անցած տարի` Ղարաբաղյան պատերազմի ֆոնին, երբ հայամետ կոնգեսականները հարց էին տվել` ինչու է երկու տարում վարչակազմը շուրջ 100 միլիոն դոլար հատկացրել Ադրբեջանին, Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Մայք Հովարդը պարզաբանել էր․ - «Այդ աջակցության նպատակն է լուծել խնդիրներ, որոնք ազգային անվտանգության առումով կարևոր են թե՛ Ամերիկայի, թե՛ Ադրբեջանի համար»:

Փաստելով, որ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու այս լծակը դեռ մնում է ամերիկյան վարչակազմի ձեռքում, Հայ դատի հանձնախումբը հայտարարել է` շարունակելու է ջանքեր գործադրել նաև այս հնարավորությունը սառեցնելու համար: «Նպատակադրված և հաստատակամ` մենք կշարունակենք մեր օրենսդրական արշավը, որպեսզի Ալիևի բռնապետական վարչակազմն ամերիկացի հարկատուների գումարներից նույնիսկ մեկ դոլար չստանա», - հայտարարել է Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

XS
SM
MD
LG