Մատչելիության հղումներ

«Ուժի կիրառումն անընդունելի է». Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, արխիվ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ուժի կիրառումն անընդունելի է համարում և համոզված է, որ հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ:

Բացի այդ Զասը ողջունում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը:

Սա ըստ էության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պատասխանն էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությանը:

Ի դեպ՝ սեպտեմբերին Հայաստանը ստանձնելու է նախագահությունը այս կազմակերպությունում:

Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուսական սահմանապահներ տեղակայելու գաղափարը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ես ավելացնելու բան չունեմ», - ասել է Պսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը դիտում Փաշինյանի նախաձեռնությունը՝ փոխարենը շեշտելով, թե Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում էր, գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ, աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ՝ ապահովելու համար եռակողմ համաձայնագրերի ամբողջական կատարումը»:

Բացի Պեսկովից Փաշինյանի այսօրվա առաջարկությանը արձագանքել է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով: Կալաշնիկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարության այն հատվածը, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելուն. «Անվտանգության այս հարցերն ավելի հաճախ լուծվում են լուռ, մամուլի ներկայությամբ հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել»:

Պետդումայի պատգամավորը ակնարկել է նաև, որ դժվար թե ՀԱՊԿ-ը համաձայնի դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ նկատելով, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Փաշինյանը հասկանում է կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումը: Նրա խոսքով՝ հարցը շատ բարդ է և առաջին հերթին այն պետք է լուծեն երեք առաջնորդները՝ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը:

Մոսկվայում ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Երեկ Ռուսաստանի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ժամանակ նաև քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Ռուսական մամուլն ակտիվ լուսաբանում է սահմանին տեղի ունեցող բախումների հետ կապված Երևանի և Բաքվի հայտարարությունները։ Ռուսական թերթերն ու հեռուստաընկերությունները փորձում են պահպանել ավանդական չեզոքությունը հայ-ադրբեջանական նոր բախումները լուսաբանելիս ճիշտ այնպես, ինչպես այդ չեզոքությունը գոնե տեսականորեն փորձում է պահպանել պաշտոնական Մոսկվան։

Ի դեպ՝ այսօր Պեսկովին հարցրել են նաև, թե ինչպե՞ս է Կրեմլը մեկնաբանում Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները և դրանցում Ադրբեջանի մասնակցությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե Ադրբեջանը ինքնիշխան պետություն է, և Մոսկվան կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները։

«Դրանք գործընկերային հարաբերություններ են, և կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է այսօր Պեսկովը, միաժամանակ հավելելով, - «իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարներում չլինեն ինչ-որ քողարկված գործողություններ մեր երկրի նկատմամբ։ Զորավարժությունների սցենարը, սակայն, մշակվում է ՆԱՏՕ-ում, իսկ դաշինքը չի թաքցնում, թե ով է գլխավոր հակառակորդը»։

XS
SM
MD
LG