Գեղարքունիքի սահմանին հրադադարը չի պահպանվել: Այս գիշեր էլ, ըստ Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինուժը կրկին սադրանքի է դիմել՝ կրակ բացել հայկական դիրքերի վրա, ապա առավոտյան 8:40-ին է փոխհրաձգություն ծավալվել։ Գեղարքունքի մարզպետը տեղեկացրեց՝ Վերին Շորժայի այն նույն դիրքում, որտեղ երեկ մարտական գործողություններ էին:
«Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ` նախորդ գիշերը, թեժ մարտեր էին ընթացել», - ասաց Գնել Սանոսյանը:
Այսօր առավոտյան հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ։ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում. «Հիմա Երևանի ճանապարհին է, միջին ծանրության է: Կհասնի, կվիրահատենք, խնդիր չենք ունենալու: Այդտեղ էլ վտանգ չենք տեսնում»:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, թե կրակի դադարեցման պայմանավորվածությունն իրենք պահպանում են, հայկական կողմն է կրակ բացել Քարվաճառի սահմանին։
Երեկ գիշեր Գեղարքունիքի սահմանին տեղային մարտերում զոհվեց երեք հայ զինծառայող, վիրավորվել էին 4-ը: Նրանցից ծայրահեղ ծանր էր Վաչագան Մարտիրոսյանի վիճակը։ Նա ազդրի, դեմքի, պարանոցի վնասվածքներ ունի: Սահակ Օհանյանի տեղեկացմամբ` զինծառայողի վիճակը կայունացել է. «Վաչագանը պատրաստվում է վիրահատական միջամտության մոտակա օրերին, դեմքի շրջանում պայթյունի արդյունքում ծնոտն է կոտրվել: Պատրաստում են, մի քիչ բարելավվի վիճակը, որ կարողանան վիրահատությունը կատարել: Հուսով եմ` ամեն ինչ լավ է լինելու»:
Բժիշկները հույս ունեն՝ այսօր երեկոյան արդեն Վաչագան Մարտիրոսյանը կկարողանա ինքնուրույն շնչել, կանջատեն արհեստական շնչառական սարքից: Գեղարքունիքի մարզի սահմանին վիրավորված բոլոր 5 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, շեշտեց ռազմաբժշկական վարչության պետը. «Բոլորի վիճակի մեջ կա բարելավում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնեց Օհանյանը:
Օրվա ընթացքում Գեղարքունիքի սահմանային հատվածներում՝ Վերին Շորժա, Կութ, Սոթք, նոր միջադեպերի, հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկություններ չկային։ Սոթքի սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցների պատճառով երեկ գիշերը դադարեցվել էր հանքավայրի աշխատանքը. 150 աշխատակից տարհանվել էր, նույնիսկ տեխնիկան էր դուրս բերվել հանքի տարածքից։ Հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտից վերսկսել են աշխատանքը:
«Սահմանային մի մասն ընկնում է Սոթքի հանքավայրի տարածքում: Այս գիշեր Սոթքի հանքի մոտակայքում իրավիճակը բավականին հանգիստ էր, ընկերությունը որոշում կայացրեց վերսկսել աշխատանքները, և առավոտյան հանքը վերսկսել է աշխատանքը բնականոն հունով», - տեղեկացրեց Գրիգորյանը:
Փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզի գյուղերում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Ուղիղ վտանգի տակ են, միայն կանխվում են կրակոցներն ադրբեջանական մեր զինված ուժերի կրակոցների շնորհիվ, և նաև այստեղ ուսումնասիրություններն ակնհայտ են ցույց տալիս այդ կրակոցների հանցավոր լինելու և նրանց բացարձակ սանձարձակ վարքագծի, պահվածքի մասին ադրբեջանական զինված ուժերի»:
«Ազատության» հետ զրույցի պահին Արման Թաթոյանը Վերին Շորժայում էր: Շեշտեց՝ ադրբեջանական զինուժն այս անգամ թիրախավորում է ոչ միայն հայկական զինված ուժերի տեղակայման վայրերը, այլև խաղաղ բնակիչներին և նաև նրանց ունեցվածքը. «Դիրքերը հենց բնակավայրին անմիջապես մոտ են, հենց բնակավայրի մեջ են, կարելի է ասել: Բնականաբար, իրենք որ կրակում են այդ մեր դիրքերի ուղղությամբ, նաև գյուղերի ուղղությամբ է ստացվում: Բայց բացի դա, մենք ունենք դեպքեր, երբ կրակոցներն արձակվում են մարդկանց, քաղաքացիական բնակչի տան վրա, որտեղ ընդհանրապես զինվորական այդ վայրում չկա»: