Արցախում մեկնարկել է մոտ 2 հազար բնակարանի և առանձնատան շինարարություն

Արցախում արդեն մեկնարկել է մոտ 2 հազար բնակարանի և առանձնատան շինարարություն: Միայն Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան, հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը՝ նշելով, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Զեկույցներով են հանդես եկել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը

Ըստ հաղորդագրության՝ նախագահը հանձնարարել է՝ մշակել կառուցվող տների կահավորման, առանձնատներին կից հողատարածքների հատկացման մեխանիզմները, ինչպես նաև լուծումներ տալ առկա ենթակառուցվածքների հասանելիության և նոր ենթակառուցվածքների կառուցման մասով։

Ընդգծելով, որ անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի բնակարանային խնդիրների լուծումը Արցախի կառավարության գլխավոր խնդիրներից է՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ պետք է բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և քաղաքացիների անհատական կարիքներին համապատասխան:

Արցախի նախագահի գրասենայկը հիշեցնում է, որ օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար: Առաջիկա օրերին համապատասխան կառույցները պետք է ներկայացնեն ծրագրի կիրարկման մեխանիզմները: