44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արդեն 1700 ընտանիք օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։ Ծրագրի դիմումատուները Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում ապահովվում են վերանորոգված ու կահավորված բնակարանով, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը։
«Մեր հին բնակֆոնդը վերանորոգում ենք, համապատասխան մարդկանց առաջարկում ենք տներ, եթե ուզում են, բնակվում են։ Բնակարանները ժամանակավոր են տրամադրվում, մինչև իրենց վերջնական բնակարան կտրամադրվի։ Արցախում մեծ թափով բնակարանաշինության ծրագիր է ընթանում, որ սկսեն տները բաժանել, էդ մարդիկ արդեն կստանան մշտական բնակարաաններ»,- ասաց Արարատ Բախտամյանը։
Վերաբնակեցված ընտանիքներին, անհրաժեշտության դեպքում, կհատկացվի նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Այս ծրագիրն էլ փուլ առ փուլ է մեկնարկում։ Դրանից օգտվելու ցանկություն ունեն շատերը, ասում է Ասկերանի շրջանի Պատարա գյուղի գյուղապետ Վալերի Ղարամանյանը։ Պատարայում 47 ընտանիք է վերաբնակեցվել՝ 204 շնչով։
«Պետք է անասուններով էլ ապահովենք, մեղվափեթակներով էլ, երեկ գնացել են երեք տան հայաթներում չափումներ են կատարել 100 քմ-ի վրա ուզում են ամեն մեկի համար նաև ջերմոց կառուցեն։ Նորմալ ա, ամեն ինչ կամաց-կամաց հունի մեջ ա ընկնում, մարդիկ բողոք չունեն, նենց ենք անում, որ ամեն ինչ իրա հունով գնա», - ասաց Պատարա գյուղի գյուղապետը։
«Ազատություն»-ը զրուցել է վերաբնակեցված ընտանիքներից մեկի հետ. 5 հոգանոց Պետրոսյանների ընտանիքը Պատարայում է հաստատվել։ Գոհ ենք պայմաններից՝ ասում է Արդբեջանին անցած Քաշաթաղի շրջանից տեղահանված Ծովինար Խաչատրյանը․ - «Մենք էլ եկել ենք, մեզ տուն են տրամադրել, գոհ եմ պայմաններից, տունը վերանորոգված է, բաղկացած է 4 սենյակից, ամեն սենյակն էլ կահավորված է, էդ ծրագիրը՝ խոշոր անասուններ տրամադրելու, դեռ Պատարա չի հասել, որ հասնի, կօգտվենք նաև էդ ծրագրից, ինչի չէ»։
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած շրջաններից ընդհանուր առմամբ տեղահանվել է 9 հազար 396 ընտանիք կամ 38 հազար 154 հոգի, ամենաշատ բնակիչները եղել են Հադրութի, ամենաքիչը՝ Շահումյանի շրջանում։