«Քաղաքացիները գոհ են, զարմացած». Պարեկային նոր ծառայությունն արդեն աշխատում է

Մարինե Հովակիմյանի աշխատանքը Հայաստանում կանանց համար դեռ փոքր-ինչ անսովոր է թվում։ Ոստիկանի մասնագիտությունն ընտրած Մարինեն արդեն 9 տարի է՝ ծառայության մեջ է։ Երեկվանից էլ աշխատանքի է անցել պարեկային նոր ծառայությունում։

«Մեքենայի մեջ ունենք պլանշետ, կապի միջոց, պլանշետը նորություն է», - ասում է ոստիկանության պարեկային ծառայության ավագ լեյտենանտ, ավագ տեսուչը։

Ոստիկանության պարեկային նոր ծառայությունը աշխատանքի դուրս եկավ հուլիսի 7-ից՝ նույն օրվանից դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Աշխատանքային երկրորդ օրը պարեկները վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումով սկսեցին։

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց պարեկներին ու ոլորտի բարեփոխումը իր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկը համարեց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգ ու կանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում։ Այսօր ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, ներկայանում է տեխնիկական նոր հագեցվածությամբ, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Փաշինյանը։

Պարեկային նոր ծառայությունը համատեղում է Ճանապարհային ոստիկանության, Պարեկապահակակետային ծառայության գործառույթները, պատասխանատու է լինելու հասարակական կարգի, ճանապարհային անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, վարչական իրավախախտումների բացահայտման համար։ Այս գործառույթների մեկտեղումը կբերի կառավարելիության աստիճանի բարձրացման, ծառայության որակի բարելավման, ասում է պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը. «Վերցնենք Ճանապարհային ոստիկանությունը. ինքը հիմնականում կենտրոնական փողոցներում ծառայություն էր իրականացնում տարբեր ժամերի, տարբեր քանակությամբ մեքենաներով։ Պարեկային ծառայությունը կոնկրետ տարածքի համար պատասխանատու ծառայություն է, այսինքն՝ ամեն մեքենա չունի կենտրոնական կամ երկորրդական փողոց, ինքը երկրորդական փողոցում էլ է նույն ինտենսիվությամբ հայտնվելու, բակային տարածքներում էլ է նույն ինտենսիվությամբ հայտնվելու»։

Դեռ նախորդ տարի կառավարությունը գումար էր հատկացրել 150 պարեկային նշանակության ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Առայժմ մայրաքաղաքի փողոցներում ծառայություն է իրականացնելու 698 պարեկային ոստիկան, ընդ որում անձնակազմի 70 տոկոսը նախկինում ոստիկանությունում չաշխատած անձինք են, մյուսները՝ փորձառություն ունեցող ոստիկաններ են։ Ճանապարհային ոստիկանության, ՊՊԾ աշխատակիցներն էլ առանց աշխատանք չեն մնա, նրանց կառաջարկվի այլընտրանք, եթե ցանկություն ունենան, ասաց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, իսկ առաջիկայում պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև երկու մարզերում։

«Հաջորդ երկու մարզը, որ նախատեսվում է իրականացնել, Լոռին և Շիրակն են, այժմ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որ սկսենք այդ երկու մարզերի պարեկներով համալրման գործընթացը ևս», - մանրամասնեց փոխոստիկանապետը։

Պարեկային ծառայության մեքենաները տեխնիկապես հագեցած են, ունեն կարևոր նոր լուծումներ՝ նոր ծրագրային հավելումներով ու համակարգերով: Ծրագրի իրականացմանն աջակցել են միջազգային գործընկերները, որոնք միայն 2020 թվականի ընթացքում հատկացրել են ավելի քան 5 մլրդ դրամի աջակցություն, առնվազն նույնքան աջակցություն էլ նախատեսվում է 2021-2022թթ.. համար։ Միայն երեկ՝ հուլիսի 7-ին, օպերատիվ կառավարման կենտրոնը 350-ից ավելի ահազանգ է ստացել՝ կողոպուտների, ճանապարհային վթարների վերաբերյալ, եղել են նաև օգնության խնդրանքներ։

«Խնդիրներ քաղաքացիների հետ կապված՝ բենզինն էր վերջացել, ու վերնանցումի տակ էր մեքենան կայանած։ Կապվեցինք ՕԿԿ-ի հետ, մեզ փոխանցեցին վարորդի հեռախոսահամարը, զանգել ենք, ինքն ապշած ասում է՝ ինչպիսի վիպ սպասարկում։ Մոտեցավ շատ զգացված, մինչև մոտենալը կարգավորել ենք փողոցի, որ թունելում ևս խցանումներ չառաջանան կամ ինչ-որ վթար։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ են քաղաքացիները», - պատմում է ավագ տեսուչ Մարինե Հովակիմյանը։

Ծառայությունն ավելի բարդ է ու լարված՝ իր նախկին աշխատանքի՝ պարեկապահակակետային գնդի ծառայության հետ չես համեմատի, ասում է Մարինեն։ Առաջին օրվա ծառայությունից պատմելու շատ բան ուներ, բայց շտապում էր՝ պետք է ծառայության անցներ։