Օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ձևավորման գործընթացը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ զուգահեռ մեկնարկում է Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների մեջ են: Այդ համատեքստում Ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև մենք սկսել ենք և այս տարի պետք է շոշափելիորեն և տեսանելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Գործընթացն արդեն սկսված է, և մենք այսօր պետք է քննարկենք նաև այս համատեքստում, թե ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որ պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել էր, ավելի չհետաձգվի, և մենք այս տարի կարողանանք ինչպես պլանավորված է իրագործել այդ նախագիծը », - նշել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի գրասենյակի, Փաշինյանին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքները: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում: Ներկայում Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար:
Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին:
Խորհրդակցությանը քննարկվել է նաև Ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը: