Մատչելիության հղումներ

Քաղաքացին պետք է տեսնի, որ օրենքն իրեն աջակցող և ոչ թե խոչընդոտներ հարուցող երևույթ է․ Փաշինյանը շնորհավորել է պարեկային ոստիկաններին


Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ, այսօր, այցելելով Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ Հայաստանի քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում:

Փաշինյանը շնորհավորել է ծառայության մեկնարկի կապակցությամբ, բարի և արդյունավետ ծառայություն մաղթել։

«Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ։ Այսօր ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով և սրա արդյունքը պետք է լինի նոր իրավակարգը Հայաստանում, տվյալ դեպքում Երևանում, որովհետև պարեկային ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից», - ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Պետք է արձանագրենք, որ օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, սանկցիաներով, այլև հաստատվում է քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով ու օգնելով, որպեսզի նրանք ճիշտ գործեն տվյալ իրավիճակում՝ օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ։ Մյուս կողմից քաղաքացին պետք է տեսնի, որ օրենք իրեն աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է»։

Պարեկային ոստիկանությունը պետք է տարածվի բոլոր մարզերով, գյուղերով, բնակավայրերով և պետք է նոր որակի հարաբերություններ ստեղծվեն ոստիկանության և քաղաքացիների միջև, եզրափակել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG