Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաև վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց:

Համաձայն հաղորդագրության, քննարկվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG