Մատչելիության հղումներ

Ապրիլի 1-ից գրեթե 100 տոկոսով կբարձրանա Պարեկային ծառայության ոստիկանների աշխատավարձը


Կառավարությունն երեկ չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել Պարեկային ծառայության աշխատողների աշխատավարձերը:

Անցած տարի Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայությունների փոխարեն Պարեկային ծառայություն ներդրվեց, և այս որոշումը տարածվելու է հենց այս համակրգում աշխատողների վրա, որոնք ի դեպ, այս տարվա հունվարից հատուկ դասընթացներ են անցնում։

Կառավարության այս որոշումը, այդուհանդերձ, մտահոգել է ընդդիմադիրներին և իրավապաշտպաների մի մասին։

«Ընտրություններից առաջ այսպիսի քայլը քաղաքական ենթատեքստ ունի», - այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նկատեց Գևորգ Գորգիսյանը («Լուսավոր Հայաստան»)։ - «Հատկապես ընտրական պրոցեսների ընթացքում նրանց, ենթադրում եմ, պետք է լինելու ոստիկանության հավատարմությունը։ Եվ հետո, ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին միշտ պետք են հավատարիմ ոստիկաններ»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Հայաստանում բարձր և արժանապատիվ պետք է լինեն բոլորի աշխատավարձները։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, շեշտում է, որ իշխանություններն այս դեպքում առանձնացնում են հենց ուժայիններին, ինչը, ըստ նրա, մի բան է նշանակում՝ Փաշինյանի համար ոստիկաններն են հենարան լինելու ընտրական գործընթացում․ - «Երբ որ մենք ահազանգեր ենք ստանում տարբեր հիմնարկներում աշխատավարձերի հետ կապված մտահոգությունների մտահոգությունների մասին, այս ֆոնին գնալ ոստիկանների աշխատավարձերի բարձրացմանը, սա հստակ մեսիջ է, հստակ ուղերձ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այն ինստիտուտները, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը, այդ ինստիտուտների աշխատավարձերը բարձրացնում է»։

«Գնում ենք հիմա ընտրությունների, կտեսնենք միակ հենարանը որն է», - քննադատներին հակադարձում է Արտակ Մանուկյանը («Իմ քայլը»)։

Նրա խոսքով, կան առաջնահերթություններ․ - «Էնպես չի, որ պատահական մեկը մի օր քնից զարթնում ա և որոշում ա էս առաջնահերթությունը լինի։ Որպեսզի էդ առաջնահերթությունները դուք հասկանաք, դրա համար պետք ա միջնաժամկետ ծախսերի մասով ևս․․․»

«Ազատության» հարցին, թե արդյոք ինքը առաջնահերթություն է համարում հենց ոստիկանների աշխատավարձերի բարձրացումը, Մանուկյանն արձագանքեց․ - «Բոլորի աշխատավարձերի բարձրացման համար համապատասխան ֆոն ստեղծելը ես, այո, ցանկություն ունեմ»։

Այդուհանդերձ, ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ։ Ընդդիմադիրների արձանագրմամբ, «Շտապօգնություն» ընկերության շուրջ հազար աշխատակիցներ նախորդ ամսվա աշխատավարձ ուշացումով ստացան։ Ոչ թե ապրիլից, այլ միայն սեպտեմբերից ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա․․․ ոչ թե 100, այլ 30-50 տոկոսով։ Գևորգ Գորգիսյանը շտապեց հիշեցնել․ - «Մենք ունենք զինծառայողներ, որոնց աշխատավարձերը ուշացնում են, ամսից ավել մարդիկ աշխատավարձ չեն ստացել»։

«Պատերազմին մասնակցել են նաև ոստիկանները», - իշխանության ներկայացուցիչներն էին ընդգծում իրենց խոսքում և ավելացնում՝ քաղաքական շահարկումներն անելը տեղին չէ․ - «Կարևոր է, որ էն մարդիկ, որոնք որ ներգրավված են հատկապես անվտանգային ոլորտներում, ստանան արդարացի աշխատավարձ»։

Իսկ փրկարարնե՞րը․ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին ավելացնում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ թվարկելով, թե ինչ ծանրագույն պայմաններում են նրանք աշխատել ու աշխատում ամբողջ ընթացքում․ - «Վտանգելով իրենց կյանքը կատարում են իրենց աշխատանքը»։

Իրավապաշտպանը ևս ընդգծում է, որ աշխատավարձի բարձրացումը միայն կարելի է ողջունել, սակայն պետք է հաշվի առնել, թե երբ է այն տեղի ունենում, ինչ առաջնահերթությամբ։ Արդյո՞ք սա հենց այն հրատապ ծախսն էր․ - «Այո, ցավոք սրտի, բոլոր ժամանակներում են ուժայինների վրա հույսները դրել իշխանությունները։ Բայց եթե նախկինում դա պարտադրանք էր, սպառնալիք էր, հիմա առաջարկվում է թվում է թե ամենաազնիվ տարբերակը՝ աշխատավարձի 100 տոկոսով բարձրացում»։

Կառավարության որոշման համաձայն, պարեկային դասակների նոր ընդունվող, մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարքային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս մոտ 190 հազար դրամից կդառնա 320 հազար դրամ։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կդառնա ամսական մոտ 400 հազար դրամ՝ ներկայիս մոտ 200 հազար դրամի փոխարեն։

Իշխանական թիմի անդամներն ընդգծում են, թե ոստիկանների աշխատավրաձի բարձրացումը կպաստի նաև համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։

Այդուհանդերձ, իրավապաշտպանը կոռուպցիոն այլ ռիսկեր է տեսնում ոստիկանների աշխատավարձի հենց այս պահին և հենց 100 տոկոս բարձրացնելու մեջ․ - «Նաև ձայների ապահովումը ընտրությունների ժամանակ։ Բոլոր ժամանակներում էդ ձայները կարևոր են եղել․ բանակի ձայնը, ոստիկանության ձայնը և մնացած պետական պաշտոնյաները։ Ադմինիստրատիվ ռեսուրս կոչվածը այստեղ է երևում։ Ոստիկաններին չեն ստիպելու գնալ, օրինակ, բարեկամների, ընտանիքի անդամների պասպորտները բերել ու վազելով գնալ քվեարկել ինչ-որ մի կուսակցության համար, բայց փաստացի ստեղծում են իրավիճակ, որտեղ շնորհակալությունից ելնելով, կախվածությունից պարտավորություններ զգալով, մարդիկ գնալու են էդպիսի քայլերի»։

XS
SM
MD
LG