Ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,17 տոկոսը

Ժամը 5-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38.17 տոկոսը: Վերջին տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ մեկ ժամ առաջ հրապարակեց: Եթե թվերով ներկայացնեմ՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ ավելի քան 2.5 միլիոն ընտրողներից ընտրատեղամաս է գնացել մոտ 990 հազարը:

Նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նույն՝ 17.00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 39,54 տոկոսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաակտիվը ընտրություններին մասնակցում են սյունեցիները, որտեղ մինչև ժամը 17-ը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 47 տոկոսը, ամենապասիվը Արմավիր մարզի ընտրողներն են՝ մասնակցությունը մոտ 32 տոկոս է կազմել: Ամենաշատ ընտրողները Երևանում են՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն 860 հազարին մոտ է։ Քվեարկության վերջին տվյալները մայրաքաղաքում այսպիսին են. «859 հազար ընտրողից 344 հազար 868-ը մասնակցել են քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ կամ 40.15 տոկոսը», - ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Քաղաքներում ամենակտիվ ընտրողները կապանցիներն են, ամենապասիվը` գյումրեցիները. «Գյումրիում, որը, ի դեպ, Երևանից հետո ամենաշատ ընտրողն ունի, 122 հազար 118 ընտրողից քվեարկության մասնակցել են 35 հազար 921 ընտրող կամ քվեարկողների 29. 41 տոկոսը, Կապանում` 35 հազար 944 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 17 հազար 125 ընտրող կամ 47.64 տոկոս»:

Քվեարկության մասնակիցների վերջին թիվը տեղամասերը փակվելու դրությամբ ԿԸՀ-ն երեկոյան 9-ին է հրապարակելու։ Իսկ քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն վաղը՝ օրենքով ամենաուշը երեկոյան 8-ին, բայց նախորդ ընտրությունների փորձով, հանձնաժողովը ամփոփում է կեսօրին մոտ, երեկոյին գործը չի հասնում։

21 կուսակցություն, կուսակցությունների 4 դաշինք է մասնակցում այս ընտրություններին, իսկ ցուցակներում 2510 թեկնածու է ընդգրկված:

Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է ստանա 5, դաշինքը՝ 7 տոկոս ձայն։

Առաջին փուլով հաղթանակ տանելու համար ընտրություններին մասնակցող ուժին կամ դաշինքին անհրաժեշտ է ստանալ նվազագույնը 51 մանդատ։ Եթե պարզվի` միանձնյա հաղթող չկա, հաջորդ կիրակիից՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո քաղաքական ուժերը 6 օրում պետք է փորձեն կոալիցիա կազմել՝ մեծամասնության ձևավորման համար։ Եթե չի ստացվում, ընտրության երկրորդ փուլ է անցկացվում՝ քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը, դա հուլիսի 18-ն է։