Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի պանդեմիայից հետո առաջին անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեծ թվով դիտորդներից բաղկացած խմբով է աշխատում 


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը արդեն մոտ 1 ամիս Հայաստանում գտնվող դիտորդներից բացի, ունի կարճաժամկետ դիտորդների մեծ խումբ. ավելի քան 300 հոգի այս պահին ընտրատեղամասերում հետևում են ընտրության ընթացքին, այսօր Երևանում կենտրոնի թիվ 9/60 ընտրատեղասից դուրս գալիս ասաց առաքելության ղեկավար Էողան Մերֆին։

«Վերջին օրերին մենք Հայաստանում տեղակայել ենք ավելի քան 100 կարճաժամկետ դիտրոդների թիմեր։ Աշխատում են այնպես, ինչպես մենք հիմա, գնում են ընտրատեղամաս բացման ժամանակ, ապա կատարում դիտարկումներ և հաղորդում դրանք մեր գլխամասում տեղակայված մարդկանց։ Երբ մի ընտրատեղամասում ավարտում են աշխատանքը, գնում են հաջորդ ընտրատեղամաս, այս գործընթացը շարունակվում է մինչև քվեարկության ավարտը, ապա հետևում ենք տարածքային ընտրական հանձնաժողովների, վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքին», - ասաց Մերֆին։

Առայժմ այսօր արձանագրած խախտումների մասին դիտորդական առաքելության ղեկավարը չի խոսում, ընտրությունների դիտարկման նախնական արդյունքներ կներկայացնեն արդեն վաղը։ Մերֆիի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջին անգամ է ընտրություններ դիտարկում նման մեծ աշխատանքային խմբով, որին միացել են եվրոպական մի քանի կառույցների ներկայացուցիչներ։

«Ընտրության օրը մենք համագործակցում ենք ԵԱՀԿ-ի խորհրդարանական մարմնի և Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովի ուղարկած դիտորդների հետ», - հայտնեց Մերֆին։

Ավելի քան 90 դիտորդներնով էլ Հայաստանի տարբեր ընտրատեղամասերում են ԱՊՀ դիտորդները, նրանց ղեկավար Իլխոմ Նեմատովի խոսքով՝ ինքն անձամբ վաղ առավոտյան եղել է կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, որը ժամանակին բացվել է։

«8-ից 10 պակաս արդեն թակում էին դռները, բայց հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց՝ ոչ, ուղիղ 8-ին կբացենք դռները, որոնք բացվեցին ծափահարությունների ներքո։ Հանձնաժողովի բոլոր անդամներն իրենց տեղերում նստած էին, առանց նյարդայնանալու սկսեցին աշխատել։ Տեղամասը զինված են բոլոր անհրաժեշտ սարքավորումնեով՝ հսկողության տեսախցիկ, ընտրողների ինքնության ճանաչման սարքեր և այլն», - ասաց Նեմատովը։

ԱՊՀ դիտորդները ևս մինչև ընտրատեղամասերի փակումը հետևելու են քվեարկությանը, ապա արդյունքները քննարկելու են արդեն կոորդինացիոն խորհրդի նիստին, հավաքվելու են երեկոյան ժամը 9-ին։

«Կքննարկենք, մեր դիտորդների բերած տեղեկությունների հիման վրա կկազմենք բոլորվին օբյեկտիվ զեկույց», - վստահեցրեց ԱՊՀ դիտորդական ծրագրի ղեկավարը։

XS
SM
MD
LG