Մատչելիության հղումներ

Վստահված անձինք ու դիտորդները Գյումրիում արտառոց ընտրախախտումներ չեն արձանագրել


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու դիտորդներն այսօր Գյումրիում արտառոց ընտրախախտումներ չեն արձանագրել։ Քվեարկությունը սովորաբար լարված է անցնում Սլաբոտկա և Արցախ թաղամասերում, որտեղ մեծ ազդեցություն ունեն նախկին իշխանությունների ներկայացուցիչները։

Թիվ 6 դպրոցում հենց ընտրատեղամասի նախասրահում մի քանի երիտասարդներ էին խմբված, որոնց հետո ոստիկանները դուրս հրավիրեցին։ Տեղամասի ներսում՝ և՛ վստահված անձինք, և՛ դիտորդները նշեցին, որ որևէ խախտում չեն արձանագրել: Ընտրողների թվով այս տեղամասը բավականին մեծ է։

Թեև Գյումրիում համեմատաբար պասիվ քվեարկությանը, հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանի գնահատմամբ՝ այս ընտրատեղամասում հաշվառված ընտրողները բավականին ակտիվ են. «14:35 սահմաններում 1895 ընտրողից մոտավորապես 515-ն արդեն ընտրել են, իհարկե, 1895՝ լրացուցիչ ցուցակներն էլ հետը: Ակտիվ են, կուտակումներ չունենք, հակահամաճարակային կանոնները պահպանված են»:

Ընտրողներից ոմանք ընտրական նոր կարգին ծանոթ չէին և քվեախցիկում գրիչներ էին փնտրում, մինչդեռ այս ընտրություններում արգելվում է գրիչով նշումը, ընտրողը քվեատուփ է գցում իր նախընտրած ուժի քվեաթերթիկը։

«Ընթացակարգ է փոխվել, գրիչներ չկան, օրենքը չի պահանջում, որ գրիչներ լինեն, դա է, որ գրիչ չեք դրել, մեկ էլ, որ 26 կուսակցություն-դաշինքից մեկը դուրս է եկել՝ 22 համարը, որ հերթականությամբ տալիս ենք թերթիկները 21-23, դա են էլի բան անում՝ 22-ը չեք տվել, մոռացել եք, էդ տիպի մանր ինչ-որ դեպքեր», - նշեց Ղուկասյանը:

Քաղաքացիներից ոմանք էլ կարծիք հայտնեցին, թե ընտրելու կարգը բավականին հեշտացել է:

Արցախ թաղամասի 5-րդ դպրոցի ընտրական տեղամասում ևս ընտրողների մասնակցությունը բավականին բարձր էր: Հանձնաժողովի նախագահ Լիլիկ Ավագյանն ասաց՝ հանձնաժողովականները չեն հասցնում մի փոքր հանգստանալ. «Մասնակցությունը բավականին շատ է, և մենք աշխատում ենք առանց հանգստի: 1658 ընտրողից արդեն մոտ 420 ընտրող ունենք»:

Այս տեղամասում վստահված անձինք նշեցին, որ խախտումներ չեն արձանագրել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցչները ևս «Ազատության» հետ զրույցներում ասացին, թե արտառոց խախտումներ չեն արձանագրել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ Շիրակի մարզում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 32,27 տոկոսը, մարզկենտրոն Գյումրիում՝ 29,41 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG