Նրա խոսքով, սառը դատողությամբ և ոչ թե հույզերով պետք է առաջնորդվել, հունիսի 20-ին մարդիկ ընտրելու են քաղցր պատրանքը կամ դառը իրականությունը․ - «Դառը բան է սա, որ մենք ստիպված հայտնվել ենք էս վիճակի մեջ։ Ամենաշատը մենք պիտի ողբանք։ Որովհետև մեր կյանքի գործը էս մարդիկ գցեցին ջուրը։ Մեր կյանքի գործը, մեր նվաճած Արցախը էս մարդիկ գցեցին նորից Ադրբեջանի գիրկը։ Միևնույն է, այլ ճանապարհ չկա․ ճանապարհը քաղաքական իրատեսությունն է»։
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն կրկնեց նախկինում արտահայտած իր դիրքորոշումը Արցախի կարգավորման հարցի վերաբերյալ, այլ նաև բաց տեքստով ասաց՝ աշխարհը ստիպելու է Հայաստանին ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Ամբողջ աշխարհի համար, մեզ ուզեք պատեպատ տանք, պատեպատ չտանք, Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս։ Ստիպելու են, որ համաձայնենք», - ասաց նա։
Տեր-Պետրոսյանը հիշեցրեց միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի բանաձևերը, այդուհանդերձ ընդդիմախոսներն առաջին նախագահին հիշեցնում են մեկ այլ դրույթ՝ ժողովուրդների ինքնրոշման իրավունքը, որը տարիներ շարունակ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հետ միասին բանակցային գործընթացի երեք սկզբունքներից մեկն է եղել։
Այսօր Թալինում քարոզարշավ իրականացնող ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդեց, որ առաջին նախագհի խոսքը չի ենթադրում հակառակը, այդ իրավուքնը կա, սակայն հիմա՝ արդեն պարտված պատերազմից հետո, շատ ավելի բարդ է լինելու այդ հարցով զբաղվելը․ - «Ուղղակի այն ժամանակ մենք շատ ավելի լավ դիրքերում էինք և եթե մենք ճիշտ վարվեինք, մենք շատ ավելի հեռու կհասնեինք այդ իրավունքի ճանաչման մեջ։ Ահագին դժվարացրել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հեռանկարները»։
Ընդդիմախոսները Զուրաբյանին հիշեցնում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը Ղարաբաղ կոմիտեում։ Այսօր արդեն սոցիալական ցանցերը ողողոված են 88-ի «Ղարաբաղը մերն է» կոչերի տեսագրություններով։ Հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս է հնարավոր այդ խոսքերի հեղինակից այսօր ճիշտ հակառակ ձևակերպումը լսել։
Լևոն Զուրաբյանի պնդմամբ, մարդիկ պարզապես բարոյական իրավունք չունեն քննադատել Լևոն Տեր-Պետորսյանին, քանի որ առաջին նախագահ տասնամյակներ առաջ ասաց՝ Ղարաբաղը մերն է և իրականացրեց դա․ - «Տեր-Պետրոսյանը հասել էր իր նպատակին։ Ասում էր Ղարաբաղը մերն է և իրականացրել էր դա։ Բայց արի ու տես, որ ոչ թե Ադրբեջանը մերժեց, Ադրբեջանը ընդունեց էդ կապիտուլյացիոն ակտը, էդ կապիտուլյացիոն ակտը մերժեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի էն ժամանակվա ղեկավարությունը։ Իրանք են մեղավոր էս ամեն ինչի համար»։
Հարցին, թե հիմա կարո՞ղ ենք ասել Ղարաբաղը մերն է, Զուրաբյանն արձագանքեց․ - «Եկեք պատրանքների մեջ չընկնենք։ Հիմա շատ է բարդացել»։
ՀԱԿ-ում չեն թաքցնում, որ այսօր շատ դժվար է լուծել Արցախի հարցը՝ կրկնելով Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքերը, որ իրենց իշխանության օրոք երբեք չեն խոսել Ղարաբաղը տալու մասին, խոսել են փոխզիջման մասին, մի հնարավորություն, որը, ըստ իրենց այլևս կորսված է։
Երեկ Հանրային եթերում ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն նորից կրկնեց, որ Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։ Ավելին՝ Տեր-Պետրոսյանը շատ վտանգավոր որակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իր նպատակը Շուշին և Հադրութը վերադարձնելն է։
Առաջին նախագահի պնդմամբ Քոչարյանը կարող է ավելի մեծ փորձանք բերել հայկական կողմի գլխին․ - «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ»։
«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք հասարակությունը պատրաստ է ընկալել Տեր-Պետրոսյանի տեսակետը, Լևոն Զուրաբյանն արձագանքեց՝ եթե սթափ գնահատակ չտանք, իրավիճակը հնարավոր չէ շտկել, պատկերավոր ասած՝ հիվանդը պետք է ընդունի, որ հիվանդ է, որ կարողանա բուժվել․ - «Տեր-Պետրոսյանը հո չի ասում, որ շտկել ոչ մի բան հնարավոր չի։ Բայց շտկելու համար դու պիտի գնահատես իրավիճակը»։
Ի դեպ, հենց Թալինում փորձեցինք հասկանալ, թե ինչպես ընկալվեց առաջին նախագահի երեկվա հայտարարությունը։
Թալինցիները տարբեր տեսակետեր հնչեցրին, բայց գերակշռում էին այսպիսիները․ - «Մենք մենակ հայաստանցի չենք, մենք արցախցի էլ ենք մեզ համարում։ Ինչ դժվար վիճակ եղել ա, Հայաստանի ժողովուրդը Արցախի համար կանգնել ա ու կկանգնի»։