Մատչելիության հղումներ

Մարուքյանը շեշտում է` երկրի վիճակն այնքան ծանր է, իրար դեմ մուրճեր ու դագանակներ հանելու ժամանակ չկա


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդները Վանաձորում ևս մեկ անգամ քննադատեցին նախկին ու ներկա իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունը նախընտրական օրերին։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ այն, ինչ խոսում են այսօր՝ միմյանց սպառնալով ու վարկաբեկելով, որևէ կապ չունի թուրք-ադրբեջանական զորքերին Հայաստանի սահմաններից դուրս հանելու, տնտեսությունը վերականգնելու կամ Հայաստանի սահմանն ամրացնելու հետ։

«Արդեն մի քանի օր է` բացի բռնության մասին խոսակցությունները, գործող վարչապետը չագուճով է քարոզարշավն իրականացնում, Սերժ Սարգսյանն ասել է, որ դագանակով պետք է գլխին տալ չագուճով եկողների դեմ, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ դուելի է կանչում, և ահա այս պայմաններում մենք գնում ենք ընտրությունների: Եվ սիրելի՛ հայրենակիցներ, դուք պետք է գնահատական տաք այս մարդկանց պահվածքին», - ասաց նա:

Ընտրություններին 9 համարի քվեաթերթիկով մասնակցող քաղաքական ուժի ղեկավարը նշեց՝ երկրի վիճակն այնքան ծանր է, որ իրար կոկորդ կրծելու, միմյանց դեմ մուրճեր ու դագանակներ հանելու ժամանակ չունենք։ «Լուսավոր Հայաստանն» ընտրությունների է գնում մեկ օրակարգով. «Համերաշխության, համախմբման, բոլորին մեկ կառավարության, մեկ համակարգի մեջ ներառելու օրակարգով»:

Էդմոն Մարուքյանը Վանաձորում խոսեց հետընտրական բախումների հավանականության մասին. «Երբ որ կլինեն երկու կողմերից ցույցեր, երթեր, իրար դեմ կհանեն մարդկանց, իմացեք` ձեր հարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներն ունեն անվտանգություն: Իրենք չնայած դոլարային միլիոնատերեր են, բայց ձեր վճարած հարկերով ունեն ախռանաներ, այդ ախռանաներով են ման գալիս, նրանց մազը չի ծռվելու: Ժողովուրդն է տուժելու այդ բախումների արդյունքում, նույնն էլ վերաբերում է գործող վարչապետին: Նա էլ ունի այդ անվտանգությունը, այսինքն` այս մարդիկ պարիսպներով տների հետևում, ինչ-որ անվտանգության հետևում կոչ են անում չագուճներով, դագանակներով ժողովրդին հանում են իրեր դեմ, եղբորը եղբոր դեմ են հանում, քրոջը քրոջ դեմ են հանում, ընտանիքներ են կիսվում, մարդիկ այս ատելության քարոզի արդյունքում արդեն երեխաներին են հասցրել այս քարոզը»:

Քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան` Մարուքյանը բացառեց, որ խորհրդարան մտնելու դեպքում կմիավորվեն Ռոբերտ Քոչարյանի կամ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժերին։ «Մեր խնդիրն է հասնել ազգային համաձայնության կառավարության», որտեղ մասնակից կլինեն բոլոր ուժերը, ասաց Էդմոն Մարուքյանը. «Նաև ձեր քվեարկությունից է կախված, թե ինչ բալանսավորում կլինի, ոչ մի ուժ չպետք է 20-25 տոկոսից ավելի ձայն տանի, և այդ պարագայում մենք կարող ենք համամասնորեն ձևավորել ազգային համաձայնության կառավարություն: Հենց մի ուժ հաղթեց ընտրությունները, պետք է ասի` ուրեմն, տեսաք` մենք ճիշտ էինք, մենք ճիշտ էինք երկիրը կառավարել, օրինակ` գործող իշխանությունը: Կամ նախկին իշխանությունն ասելու է` տեսաք, որ նախկինում ամեն ինչ լավ է եղել, մեզ հետ բերեց ժողովուրդը, հետևաբար հեղափոխությունն է սխալ եղել: Մենք բացառում ենք այդ երկուսից որևէ մեկին ընտրելը»:

XS
SM
MD
LG