Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն ինքն է խուսափել Արցախի հարցի լուծման որևէ փաստաթուղթ ստորագրել. Արամ Սարգսյան


Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է խուսափել Արցախի հարցի լուծման որևէ փաստաթուղթ ստորագրել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք հետընտրական պայքարի նախադրյալներ, որ փողոց դուրս գան: Մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանը, առաջին նախագահն էլ ընդհուպ քաղաքացիական պատերազմի մասին են խոսում:

Արամ Սարգսյան. - Ես չեմ տեսնում, ու այդ լավատեսությունը կույր չի, եթե պատերազմի այդ կարգի պարտությունից հետո մենք հասանք արտահերթ ընտրությունների առանց մեկի քթից արյուն գալու, բացառությամբ Արարատ Միրզոյանի անթույլատրելի դեպքը, նշանակում է, որ մեր ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է, ինքը գիտի՝ որտեղ են կարմիր գծերը ու այդ կարմիր գծերը չի հատում: Ընտրությունների ժամանակ հետընտրական պրոցեսների ես մասնակցել եմ, և այդ հետընտրական պրոցեսներում մարդիկ եկել են ոչ թե իմ, Ստեփան Դեմիրճյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները լսելու, իրենք եկել են, որովհետև տեսել են՝ իրենց քվեն կեղծվել է: Էս ընտրությանը իրենց քվեն ոչ մեկը չի կեղծելու, այդ Մուկուչյան և այլն, չեն կարողանալու այդ բաներն անել, ամբողջությամբ վերահսկվում է, մենք ինքներս ենք վերահսկում և ընդդիմությունն էլ է վերահսկում, հետևաբար, հետընտրական պրոցեսում մարդը, ի՞նչ, գալու է Ռոբերտ Քոչարյանի ելույթը լսի՞ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի, չի լինելու այդպիսի բան: Մաքսիմում հավաքելու են այնքան մարդ, ինչքան 17+-ի ժամանակ հավաքեցին, մի բան էլ քիչ, որովհետև Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու դրան:

«Ազատություն». - Այսինքն այդ կեղծիքների մտավախությունը, որ իշխանությանը մեղադրում են վարչական ռեսուրսի մեջ, նրանք էլ նախկին իշխանություն-ընդդիմությանը մեղադրում են փողի, թաղային ռեսուրսների և այլնի մեջ, երեկ «Պատիվ ունեմ» դաշինքից նախկին քաղաքապետ է ձերբակալվել կաշառքի գործով, սա չի աշխատելու:

Արամ Սարգսյան. - Այն մարդը, ով սովոր է քվե բերել կաշառքով, այդ մարդն իր սովորությունը չի փոխելու, էն որ ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխի, դա միանշանակ այդպես է: Եկեք նայենք, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընտրությունները ինչպես են եղել, եթե իրենք կասեն՝ կաշառք չի եղել, ապացուցեք, այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ դե ապացուցեք, հիմնավորեք, որ 96-ում ինչ-որ բան է եղել, էդ ուրիշ խնդիր է, մեր ժողովուրդը դրան չի հավատա: Այսինքն իրենք այդ ամեն ինչն արել են խախտումներով, կաշառքով, դրա համար հետընտրական պրոցես է եղել, դրա համար էլ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս եկել, էդքան մարդ էր փողոց դուրս եկել, ու փողոցը քեֆ էր անում, դրա համար էլ առ այսօր Նիկոլ Փաշինյանը գնում է հանրահավաքների, ու մարդիկ այդ չափով ինքնաբուխ հավաքվում են: Շատ բարդ է այսօրվա քարոզարշավին, որովհետև ուր մտնում ես Նիկոլ Փաշինյան է, մենք այդ ձայները, որոնք մեր համար ուզում ենք, հատ առ հատ համոզելով ենք գնում:

«Ազատություն». - Առաջին նախագահը մի քանի անգամ կրկնում է, որ Վազգեն Սարգսյանն է մեղավոր այդ թվում, 97-98-ին խաղաղության իր ծրագիրը տապալելու համար: Այսինքն՝ ասում է, որ իշխանության ներսում իր դեմ ճնշում է եղել փոխզիջումների պատրաստակամության համար:

Արամ Սարգսյան. - Ուժեղ լիդերը ճնշումների չէր գնա, սա մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը ուժեղ լիդեր էր, ինքը Արցախից կանչել բերել էր Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տվել էր թե՛ Ազգային անվտանգության նախարարությունը, թե՛ Ներքին գործերի նախարարությունը, միավորել էր, տվել էր Սերժ Սարգսյանին և այդ ամեն ինչն արել էր Վազգեն Սարգսյանի դեմ, որ Վազգեն Սարգսյանը միայնակ մնա: Շատ լավ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գոնե չի ասում, որ Վազգեն Սարգսյանն իր դեմ տեռորիստական ակտ կաներ, կարող է նաև դա ասել, բայց դա իր ենթադրությունն է, չկա որևէ հիմք: Իմ համար հիմքը նա է, որ իմ եղբայրն ասել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ազատեր, ինքը սուս ու փուս կգնար տուն: Եթե տեսակետները հայտնելու վրա է, ես կասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի խուսափել է Արցախի լուծման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, ավելին, երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց, որ էնպես չի, որ այստեղ եթե Վազգեն Սարգսյանը համաձայնվեր ու ինքը գնար, Ադրբեջանը նոր պայման չէր դնելու ու համաձայնվելու էր դրան: 2014 թվականին Սերժ Սարգսյանը Կազանում համաձայնեց չէ՞ 5+2, բայց Ադրբեջանը չհամաձայնվեց, հետո համաձայնվեց չէ՞ 7, էլի Ադրբեջանը չհամաձայնվեց:

Հաղորդում ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG