Ընտրակաշառքի կասկածի դեպքում կարող է գաղտնալսում կամ գաղտնի տեսախցիկ կիրառվել

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Եթե որևէ քաղաքացի ծրագրի ընտրակաշառք բաժանել կամ ստանալ, և նրա այդ մտադրության մասին իմանան իրավապահները, ապա օրենքով այդ քաղաքացու բնակարանում դատարանի որոշմամբ գաղտնի կարող է տեղադրվել տեսախցիկ։ Կախված ընթացքից՝ քաղաքացին հետագայում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ընտրությունները դիտարկող «Անկախ դիտորդ» դաշինքի պատրաստած տեսանյութում մանրամասն ներկայացվում է՝ ինչն է համարվում ընտրական հանցագործություն, ինչ պատիժներ են սահմանված դրա համար և ինչպես կարող են օրենքով գաղտնալսել քաղաքացուն կամ էլ նրա բնակարանը պահել գաղտնի տեսախցիկի օբյեկտիվում։

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ քանի որ 2018-ից ընտրական հանցագործությունները համարվում են ծանր, ապա դրանց բացահայտման համար ևս կիրառվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը։ Դրանով էլ դատարանի որոշմամբ քաղաքացուց գաղտնի կարող են տեսախցիկ տեղադրել բնակարանում։ Դատարանը պետք է որոշի՝ թույլ տա՞լ քաղաքացուց գաղտնի մտնել նրա տարածք և տեսախցիկ տեղադրել, թե՞՝ ոչ:

«Ապացուցման պլանկան, իհարկե, մի կողմից պետք է այնպիսին լինի, որպեսզի երաշխավորի, որ ընդհանրապես անտեղի մարդուն այդ աստիճան ներգործող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չարվեն, ինչպիսին, օրինակ, հեռախոսների գաղտնալսումն է կամ ներքին դիտումն է, բայց մյուս կողմից էլ չպետք է լինի այնքան բարձր, որպեսզի դատարանում ստիպված լինեն, օրինակ, ապացուցել, որ մարդը մեղավոր է: Այսինքն, բնականաբար, մարդու մեղավորությունը ապացուցելու համար շատ ավելի բարձր պլանկա են դնում ապացուցման», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Բնականաբար, ինչպես ցանկացած այլ օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում, տրամաբանությունը նրանումն է, որ մարդու նկատմամբ այդ միջոցառումը կատարվում է, չգիտի դրա մասին, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները գաղտնի են արվում»:

Արդյոք Հայաստանի իրավապահ համակարգը ունի՞ բավարար պրոֆեսիոնալիզմ՝ չշահարկելու ձեռք բերված տեղեկությունները, որոնք կարող են կապ չունենալ հանցագործության հետ և լինել խիստ անձնական։ Իոաննիսյանն ասում է՝ գործին չվերաբերող ցանկացած տեղեկություն պետք է ոչնչացվի, բայց ինքը վստահ չէ, որ օրենքի այդ պահանջը կատարվում է։ Ասում է՝ տեղեկություն չունի, թե ինչքանով է հարգվում օրենքի այդ դրույթը. - «Ես վստահ չեմ, ես վստահ չեմ, և դրա համար ես ասում եմ՝ այո, իրավապահ համակարգը պետք է բարեփոխվի, իրավական համակարգում շատ բան կա, որ պետք է փոխվի: Ես դրա համար ասում եմ, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքը ամբողջ դատաիրավական համակարգի հետ միասին պետք է բարեփոխվի այնպես, որ հանցավորության դեմ պայքարի էֆեկտիվությունը, մի կողմից, բարձր լինի, և մյուս կողմից՝ մարդու իրավունքները չոտնահարվեն»:

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչը հիշեցնում է, որ ընտրական բնույթի հանցագործությունները դեռ նախորդ ընտրությունների ժամանակ են համարվել ծանր, և այս օրենքն այն ժամանակ էլ է տարածվել դրանց վրա։ Պարզապես 2018-ի ընտրություններին այդ հանցագործությունները քիչ էին։

«Ես վստահություն ունեմ, որ շեշտակիորեն պակասեցին նաև նրա հաշվին, որ՝ ա) դրա դեմ պայքարի ցանկություն կար, բ) դրա պատիժը մեծացել էր, և գ) դրա բացահայտման մեխանիզմները շատ ավելի շատ էին: Ես հույս ունեմ, որ հիմա ևս իրավապահները էֆեկտիվ կգործեն և կօգտագործեն էդ լծակները», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը թեև անձնական կյանքի իրավունքի գերակայության կողմնակիցն է, բայց և պնդում է՝ ընտրական հանցագործությունների բացահայտման համար կարևոր են նման գործողությունները։

«Ծանրագույն հանցագործությունների դեպքում ստիպված է լինում շատ դեպքերում նահանջ կատարել՝և՛ իրավապաշտպանական դիրքերից, և՛ այլ դիրքերից նույնպես, որովհետև եթե խոսքը վերաբերում է ծանրագույն հանցագործություններին՝ սպանություններ, ընտրակեղծարարություններ և այլն, իհարկե, այո, շատ դեպքերում... Վերջին հաշվով, ի՞նչ է պետությունը՝ նաև իրավունքներ սահմանափակող մեքենա, և էդ համակարգով պետք է դիտարկենք: Ինչպես մնացած բոլոր հանցագործությունների դեպքում, այնպես էլ էս դեպքում պատասխանատվությունը մնում է օպերատիվ կամ հետախուզական միջոցառումներ իրականացրած անձի մասնագիտական որակների և մարդկային որակների վրա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հարությունյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ այս միջոցառումների ժամանակ արտահոսքը պետք է հասցնել նվազագույնի, չնայած անգամ կայացած հասարակություններում են դրանք լինում։

«Լա՞վ է, թե՞ վատ, որ էդ հանցագործությունը մտնում է ծանրագույն հանցագործությունների շարքում՝ իհարկե լավ է: Վա՞տ է, որ դրա բացահայտումը կարող է ուղեկցվել անցանկալի երևույթներով՝ իհարկե վատ է: Բայց քանի որ դա ծանրագույն հանցագործություն է, ուրեմն՝ պետք է մենք գնանք նաև էդ ռիսկին, իմանալով, որ, այո, շատ հնարավոր են էդ կարգի տգեղ և տհաճ արտահոսքեր, շատ հնարավոր են, հատկապես եթե դա վերաբերում է ընտրություններին, ավելի քան հնարավոր են», - նշեց Հարությունյանը:

Օրենքով ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է 1-3 տարի ազատազրկում։ Իսկ ընտրակաշառք տալը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։