Մատչելիության հղումներ

Ջանֆիդայում ասում են՝ տեղյակ չեն, որ համագյուղացին պատրաստվում էր ընտրակաշառք բաժանել, իրենց չեն առաջարկել


Լուսանկարը` ոստիկանության հրապարակած տեսանյութից
Լուսանկարը` ոստիկանության հրապարակած տեսանյութից

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում պնդում են, թե տեղյակ չեն գյուղում երեկ կատարվածից։ Ոստիկանությունը երեկ օպերատիվ տվյալներ էր ստացել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ստանալու դիմաց ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին։

Հենց գյուղում էլ ձերբակալել էին Արմավիրի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ձևավորած դաշինքի ընտրացուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանին և գյուղի բնակիչներից մեկին՝ 9 միլիոն դրամ ընտրակաշառք փոխանցելու պահին։ Ոստիկանության տարածած տեսանյութում երևում են 20 հազար դրամանոց տրցակները։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով գումարները, որոնք էլ հայտնաբերվել և վերցվել են դեպքի վայրի զննությամբ։

«Գյուղում եմ եղել, բայց տեղյակ չեմ եղել: Ինչ ասես սպասելի ա, իրենց աթոռի համար»:

«Ես նման բան բացարձակապես չեմ լսել, ու տենց բան ոչ մեկը չի արել, չենք էլ տեսել, մեկը ես` որպես գյուղացի, նման առաջարկություն ինձ ոչ մեկը չի արել, ոչ մեկը ոչ բան չի ասել»:

«Ես հողից եկել եմ նոր, ես ոչ մի բան էլ չեմ լսել, նման բան չի եղել գյուղում»:

«Ինձ չեն տվել, ես դաշտը հող էի մշակում»:

Այսպես են արձագանքում տեղացիները:

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել կաշառք տալու և ստանալու հոդվածով։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի թույլտվություն ստանան պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու։ Գործն արդեն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն։

Արմավիրը 14 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը չի ընդունում իրեն վերագրվող կասկածները։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Գայանե Պապոյանը տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում, և հայտարարում՝ իրավապահները որևէ ապացույց իրենց չեն ներկայացրել. «Նշեմ, սակայն, որ փաստացի արգելանք եղել է ժամը 17:30-ին, թեև արձանագրվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, որ 18:30-ին, փորձել են խոչընդոտել են պաշտպաններին, թույլ չեն տվել, որ հանդիպենք Ռուբեն Խլղաթյանին, և միայն ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո մոտ 40-50 րոպե անց կարողացել ենք հանդիպել Խլղաթյանին: Քրեական գործն առհասարակ որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, այս մասին պարոն Խլղաթյանը ևս հայտարարություն է տարածել, որ որևէ առնչություն չունի: Նշել ենք նաև, որ վստահություն չունենք վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, քանի որ ամբողջը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն իր հերթին տեղի ունեածը որակում է քաղաքական վրեժխնդրություն. «Այստեղ տեսնում ենք բացառապես քաղաքական վենդետայի ակտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշը կտրուկ աճել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որովհետև Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան տանդեմը հանրային, պետական գործիչների շատ արդյունավետ աշխատում և՛ քարոզչական դաշտում, և՛ էլեկտորալ դաշտում, և մենք այսպիսի հարված սպասում էինք: Պարզապես չէի մտածել` այդ պրիմիտիվ կգտնվեն»:

Ջանֆիդայում այդպես էլ ցույց չտվեցին այն տունը, որտեղ երեկ ոստիկանները օպերատիվ գործողություններ էին իրականացրել։ Բնակիչները զգուշանում էին այս թեմայից խոսել և վստահեցնում՝ տեղյակ են, որ ընտրակաշառք ստանալը ևս հանցագործություն է՝ վերջերս ընտրված փոփոխություններով նախատեսվում է մեկից երեք տարի ազատազրկում։ Իսկ ընտրակաշառք տալը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ. «Իհարկե, ոչ, ինչի՞ համար իմ ձայնը պիտի ես վաճառեմ»:

«Ես կաշառք վերցնող չեմ, ես ի՞նչ գործ ունեմ, ես կաշառք վերցնեմ, բռնեն, դատեն, ո՞ւմ համար կաշառք վերցնեմ էլի», - ասում են նրանք:

Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաև Գավառում։ Ըստ իրավապահների` ձերբակալված է պատգամավորության թեկնածուներից մեկը, որն, «Ազատության» տվյալներով, մեծահարուստ ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 83-րդ համարը ներկայացնող Գավառի բնակիչ Արամայիս Ապրոյանն է։ ՀՔԾ-ն Ապրոյանին մեղադրանք է առաջադրել ընտրակաշառք տալու հոդվածով։ Ըստ մեղադրանքի` կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները համակարգող թեկնածուն այդ գրասենյակի քարտուղարի հետ միասին ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել իր կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Կաշառքն իրենից ներկայացրել է 7.000 դրամ արժողությամբ սննդամթերքի փաթեթներ։

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ կաշառքը ստացած քաղաքացիները կասկածյալի կարգավիճակ ունեն, ստորագրություն են տվել չհեռանալու մասին։

XS
SM
MD
LG