Ինչպե՞ս կարող է որդիս ահաբեկիչ լինել, երբ գերեվարվել է հայկական վերահսկողության տարածքից. հայ ռազմագերու մայր

Ադրբեջանի իրավապահները, քննելով պատերազմի ավարտից մեկ ամիս անց Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված 14 հայ զինծառայողների գործերը, եզրահանգել են, որ նրանք «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը»` գրավելով Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր։ Ադրբեջանը մեղադրում է գերեվարված հայ պահեստազորայիններին բնակչության շրջանում խուճապ տարածելու, սպանություն ու ահաբեկչություն կատարելու համար։ Հաղորդվում է, որ նրանց գործը դատախազությունն ուղարկել է դատարան։

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են 14 հայ ռազմագերիների անունները: Նրանց է Գյումրիի 28-ամյա բնակիչ Հրաչ Ավագյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հայ ռազմագերիները Ադրբեջանի սահմանը հատել են նոյեմբերի 26-27-ը։ Մինչդեռ 28-ամյա Հրաչ Ավագյանի մայրը «Ազատության» հետ զրույցում պատմում է, որ հենց այդ օրերին որդին տանն էր։

Հայկուշ Ավագյանի խոսքով` որդին որպես պահեստազորային է կանչվել ծառայության. «Նոյեմբերի 27-ին Գյումրիի զինկոմիսարիատը և Գյումրիի ռազմական ոստիկանությունը եկել են մեր տուն, ամսի 9-ի եռակողմ համաձայնագիրն արդեն գրված էր, խաղաղության պայմանագիր, էտ թուղթը, դրանից հետո եկել են մեր տուն ու ասել` եթե ինքը չներկայանա մոբի զորքի հետ, իրեն 8-ից 12 տարի դատ կհասնի: Մենք էլ որոշեցինք, որ խաղաղ պայմաններ են, արդեն պատերազմը ավարտված է, ռուս խաղաղապահները կանգնած են, այդ համաձայնագիրը ստորագրված է, ու իրեն էլ էստեղ ասացին, որ պիտի տանեն Բերձոր: Մի ամբողջ օր պահել են, հետո չգիտեմ` ինչ որոշումով, ինչ բանով, երեխեքը դաժե չենք տեսել, ի՞նչ Խծաբերդ, ի՞նչ բան, էտ երեխեքն օրերով մնացել են սոված-ծարավ, իրենք դաժե մնալու տեղ չեն ունեցել, ու դաժե երեխեքն զգացել են, որ իրենք շրջափակման… Ամսի 1-ին խոսակցություն է եղել, որ էտ հողերը` Խծաբերդն ու Հին թաղերը տվել են, բայց զորքը էտպես էլ մնացել է, այսինքն` իրենք 13 օր մնացել են շրջափակման մեջ»:

Հայկուշ Ավագյանին ցավ են պատճառում Ադրբեջանի որակումները, որդուն և մյուսներին ահաբեկիչ են բնորոշում այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից հետո նրանք գտնվել են հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում. «Խծաբերդը, էս պատերազմի հանելուկը պիտի լինի, ինչի՞ էտ երեխեքին չհանեցին, ո՞ւմ հետ ի՞նչ պայմանավորվել են»:

Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ մայրը երեկ որդուց տեսագրություն է ստացել։ Իսկ հեռախոսով երկար չեն կարողացել խոսել` լացում էին. «Երեխան թամամ չի խոսա: Ի՞նչ խոսա, եթե 6 ամիս տունը չի եղել, եթե ինքն ունի տարեկան երեխա ու արդեն էտ երեխուն համարյա 6-7 ամիս չի տեսել, եթե իր հայրն արդեն հիվանդ է, ինֆարկտ է ստացել այս մարդը, եթե մեր ընտանիքն էսպես կքայքայվի, պատկերացնո՞ւմ եք` ինչ վիճակ է»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայ գերիների դեմ Ադրբեջանի հարուցած քրեական գործերն ու դատավարությունները բնորոշում է որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Թաթոյանը վկայակոչում է երեկ Բաքվի ռազմական դատարանում սկսված` անցած հոկտեմբերին գերեվարված երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունները. «Ցուցմունքներ են վերցնում խոստովանական, օրինակ, և դրանց հիման վրա մեղադրանքներ են առաջադրում: Սա բացահայտ խախտում է ոչ միայն առհասարակ քրեական արդարադատության համակարգում, այլ նաև հենց պատկերացնո՞ւմ եք` այդ թշնամանքի քաղաքականության մեջ` ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականության մեջ, պարզ չէ՞, որ ամբողջը շինծու է լինելու, և որևէ իրավունքի մասին էլ խոսք չկա: Մեր աշխատակազմը նաև իրականացրել է սոցիալական ցանցերի մոնիտորինգ այդ դատավարության ազդեցության, և օրինակ` մենք արձանագրել ենք կոչեր սպանելու, խոշտանգելու»:

Թաթոյանը պնդում է, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը, իսկ միջազգային իրավունքն արգելում է դատել գերիներին. «Արցախի հակամարտությունը լուծված չէ, այսինքն` այդ հարցը չի վերջացել: Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունն այստեղ, տեսեք, իրենց էությունը որն է. իրենք ասում են` ամեն ինչ ավարտվել է, ոչ մի կոնֆլիկտ չկա, դրա համար այս մարդիկ եկել էին, որպեսզի հանցագործություններ կատարեին: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ցինիզմի աստիճանը»:

Թաթոյանը մեջբերում է մեղադրանքը, ըստ որի` պահեստազորայինները հատել են Ադրբեջանի պետական սահմանը, ահաբեկել բնակչությանը։ Սա այն դեպքում, երբ Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցի բնակչություն չկար. «Քաղաքացիական բնակչություն որտե՞ղ կա, իրենք Խծաբերդի դեպքերով տարածել էին, այնտեղ «Ազերսելի» ինչ-որ մի աշխատող էր, ես հիշում եմ, մահացել, թե վիրավորել, և ևս մի քանի զինծառայող, բայց այդ «Ազերսելի» ծառայողը չէր գնացել, այնտեղ ապրում իր համար, բայց այդ մարդը գնացել էր այնտեղ, պատերազմից հետո ինժեներական աշխատանքների մասնակցեր»:

Պատերազմի ավարտից հետո Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի դիրքերից գերեվարված 64 պահեստազորայիններից վերադարձել են 9-ը։ Մյուսներին Ադրբեջանը որակում է հանցագործներ և հրաժարվում վերադարձնել։ Սա խոսում է որևէ տրամաբանության բացակայության մասին, ավելին՝ այժմ բոլոր գերիներին են համարում ահաբեկիչ, ընդգծում է օմբուդսմենը։

Գերիների հարցերով զբաղվող իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հիշեցնում է միջազգային հանրության հայտարարությունները՝ առանց նախապայամանների վերադարձնելու բոլոր գերիներին ու այլ պահվող անձանց, մինչդեռ Բաքուն շարունակում է քրեական կեղծ գործեր հարուցել. «Այս ընթացքում, կարծում եմ, մենք հետևողական պետք է լինենք, որ ողջ գործընթացը չկա այդ հունով, որովհետև իրենց Արտգործնախարարության հայտարարություններից հետո փաստացիորեն իրենք անցել են նման դատավարական փուլի»:

Խծաբերդի գերեվարված բոլոր գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Եվրոպական դատարանը։ Հայկական կողմն այս հարցը ներառել է ընդդեմ Ադրբեջանի հիմնական դիմումի մեջ։