Մատչելիության հղումներ

Ըստ օմբուդսմենի, հայ գերիներից վերցված ցուցմունքները չեն կարող հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար


Armenia - RA Ombudsman Arman Tatoian, 29April, 2019
Armenia - RA Ombudsman Arman Tatoian, 29April, 2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն երեկ հրապարակված իր արտահերթ զեկույցում, անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ պաշտոնական Բաքվի վերաբերմունքին, շեշտում է՝ նրանց հարցաքննությունները չեն կարող որևէ հիմք լինել այդ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու համար և գերեվարված զինվորից վերցված ցուցմունքը չի կարող համարվել ապացույց միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում։

Օմբուդսմենի այս պնդման հիմքում պատերազմի կանոնները սահմանող Ժնևյան կոնվենցիաներն են, որոնցով արգելվում է հարցաքննել պատերազմի ժամանակ գերեվարված մարդուն։

Օրերս Արման Թաթոյանն իր ասուլիսում հայտարարեց՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո Խծաբերդի հատածից գերեվարված 64 պահեստազորայիններին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել, ինչն անթույլատրելի է։

«Անթույլատրելի է հետպատերազմական այս փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում։ Միջազգային պահանջների համաձայն ռազմագերիները, կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական գործողությունների կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է, ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է և դա նույնպես, ըստ էության, պատերազմական հանցագործություն է», - ասաց Թաթոյանը։

44 օր ձգված պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ համացանցում պարբերաբար տարբեր տեսանյութեր էին հայտնվում, որոնցում ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողներին ստիպում էին խոսել Հայաստանի իշխանության դեմ, համբուրել Ադրբեջանի դրոշը, ասել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր արտահերթ զեկույցում նշում է՝ չնայած նրան, որ ռազմագերիների վրա ակնհայտ են բռնության հետքերը, նրանք հրապարակայնորեն գոհունակություն են հայտնում ադրբեջանական իշխանության հասցեին, և Ադրբեջանն օգտվելով դրանից՝ միջազգային հանրությանը համոզում է, թե իրենք լավ են վերաբերվում գերիներին։

Թաթոյանն օրինակ է բերում հիվանդանոցում գտնվող ռազմագերի Վահե Աբրահամյանին, որը ադրբեջանցիների տարածած տեսանյութում դիմելով հայերին՝ կոչ է անում չգնալ Արցախ՝ մասնակցելու պատերազմական գործողություններին, քանի որ Ղարաբաղը հայերինը չէ, և որ մարտերն էլ անհավասար են։

Օմբուդսմեն Թաթոյանն իր արտահերթ զեկույցում վկայակոչում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ պատերազմի կանոնները սահմանող Ժնևան կոնվենցիաները, որոնք ռազմագերիների նկատմամբ բռնությունը, անհարգալից, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքը բացառող դրույթներ ունեն։ Մինչդեռ կոնվենցիաները վավերացրած պաշտոնական Բաքուն շարունակում է արհամարհել միջազգային մարդասիրական իրավունքն ու խոշտանգել իր տարածքում հայտնված գերիներին, զեկույցում գրում է օմբուդսմենը։

Արման Թաթոյանը հիշեցնում է՝ Ադրբեջանի նման վերաբերմունքը հայերի նկատմամբ նոր չէ, պատերազմից առաջ էլ այդ երկիրը նույն կերպ վարվել իր տարածքում հայտնված հայերի հետ։ Խոսքը անցած տարիներին գերության մեջ հայտնված խաղաղ բնակիչների մասին է, որոնք սահմանային հատվածում մոլորվելով՝ հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։

XS
SM
MD
LG