Մատչելիության հղումներ

Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունեց բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև


Բելգիայի խորհրդարանը երեկ միաձայն ընդունել է բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Խիստ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը չի կատարել հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, բանաձևով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել դեռևս գերության մեջ գտնվող բոլոր հայերին՝ ներառյալ քաղաքացիական անձանց համաձայն հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի և Ժնևյան կոնվենցիաների դրույթների:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության՝ բանաձևով նաև խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ իրագործվող խոշտանգումների փաստագրված դեպքերը՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից քննության առնել դրանք և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հստակ շեշտելով միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք իրագործումը, ինչպես նաև խոշտանգումների և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների բացառումը:

Բելգիայի խորհրդարանականները նաև կառավարությանը կոչ են արել՝ սերտորեն համագործակցել այս առումով համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ երաշխավորելու Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ապահովելու ԿԽՄԿ ավելի հաճախակի այցելությունները գերեվարված անձանց՝ համոզվելու համար, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պատշաճ կերպով կիրառվում են:

«Բանաձևը նաև կոչ է անում կառավարությանը շարունակել աջակցել հակամարտության խաղաղ և կայուն քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այդ թվում՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա», - ասված է հաղորդագրությունում:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Ադրբեջանը հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: Երեկ վաղ առավոտյան էլ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվեց ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ադրբեջանը պնդում է, թե «գերեվարված զինվորականները դիվերսանտներ են»

Նշենք, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

Բանաձևում նաև անդրադարձ կա ադրբեջանցի զինվորների ներխուժմանը Հայաստանի տարածք ․ - «Բանաձևը կոչ է անում Բելգիայի կառավարությանը՝ պահանջելու Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բանաձևը նաև կարևորում է միջազգային կառույցների ներգրավումը և հրատապ աջակցությունը՝ ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ագրեսիայի ծանր և տագնապալի հումանիտար հետևանքների վերացմանը»:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG