Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները


Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, hայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով The Human Rights Watch-ի (HRW) վերջին զեկույցը։

Օրերս՝ Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը հայ ռազմագերիների հարցով բավականին սուր հայտարարությամբ հանդես եկավ` նրանց խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն։

Նաղդալյանն ընդգծել է՝ HRW փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։

Ինչպես նշված է The Human Rights Watch-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով՝ նկատել է ԱԳՆ խոսնակը՝ շարունակելով՝ զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։

«Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում», - ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, ասել է Նաղդալյանը՝ պնդելով՝ հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները:

«Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին», - եզրափակել է Նաղդալյանը։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը՝ նրանցից 54-ը Խծաբերդի պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։

XS
SM
MD
LG