Թագուհի Թովմասյանը Լենա Նազարյանից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանից պահանջում է ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորանքի համար։

Այսօր Ազգային ժողովում Թովմասյանն անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերի պահման պայմաններին՝ քննադատելով իշխանություններին նման գործելաոճի համար։ Ելույթին Նազարյանն արձագանքեց՝ «իդիոտկա»։ Ու թեև նա այդ բառը շատ ցածրաձայն արտասանեց, այն լսվեց դահլիճում, քանի որ ԱԺ փոխնախագահի բարձրախոսը միացված էր։

«Նախագահողն իրեն թույլ է տալիս իմ ելույթից հետո վիրավորական արտահայտություն։ Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում են ներողություն խնդրել Ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշ եմ գտնվելու։ Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակներում, Դուք քննադատությանն արձագանքում եք վիրավորանքո՞վ, ամաչեք ուղղակի դրա փոխարեն, էս ինչ վարքագիծ է», - ամբիոնից հայտարարեց Թովմասյանը։

Նազարյանն արձագանքեց․ - «Եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին, չի նշանակում, որ ես չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»։

Ավելի ուշ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց․ - «Ներողություն խնդրել չեմ պատրաստվում»։

Օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ նշելով՝ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: