Մատչելիության հղումներ

Զոհերի դիերը, ըստ բաժնի վարիչի, Աբովյանից տեղափոխվել են Մարտունի, ՔԿ-ում նյութեր են պատրաստվում


Պատերազմի զոհերի մարմինների՝ դիահերձարանի նկուղում պահելու աղմկահարույց դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, սա նշանակում է, որ չի բացառվում քրեական գործի հարուցումը։

Երեկ երեկոյան համացանցը ողողվեց Աբովյան քաղաքի դիահերձարանում արված լուսանկարներով. նկուղում գետնին անփութորեն գցված պարկեր էին՝ մարմիններով ու զոհերի մասունքներով։

«Ազատությունն» այսօր եղավ սկանդալի կենտրոնում հայտնված դիահերձարանում, այնտեղ, սակայն, մեզ արգելեցին նկարահանումներ իրականացնել, այդուհանդերձ, բաժնի վարիչը բանավոր զրույցում տեղեկացրեց՝ դիերը տեղափոխվել են Մարտունի քաղաք, իրեն էլ հրավիրել են Քննչական կոմիտե։ Այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ վարչապետի պաշտոնակատարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել՝ պարզելու՝ որ պաշտոնյայի անփութության հետևանքով է առաջացել Աբովյանի դիահերձարանում պատերազմի զոհերի մարմինների պահման պայմանների խնդիրը։

Առողջապահության նախարարությունից, արձագանքելով հրապարակումներին, երեկ հաստատել էին, որ լուսանկարներն Աբովյանի դիահերձարանից են, ու միաժամանակ պնդել, թե այդ պայմանները բավարարում են դիերի պահման պահանջներին։ Նաև հայտարարել էին. «Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Այսօր արդեն առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն խնդրեց զոհերի հարազատներից՝ նշելով. «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»։

Պետության պարտականությունն է արժանապատվությունը չնսեմացնող վերաբերմունք ցուցաբերել, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Մեջբերելով նախարարի պաշտոնակատարի խոսքերը՝ իրավապաշտպանը հարցնում է՝ նախարարը բոլո՞ր բժշկական հիմնարկներ պետք է այցելի, որ նման խնդիրներ չլինեն. «Դա ի՞նչ աշխատանքի ոճ է, և ի՞նչ է նշանակում ներողություն խնդրել, ի վերջո: Երբ որ ահազանգը կար, տեղեկատվությունը տարածված էր, այսինքն` դու նույնիսկ տեղյակ էլ չէիր, թե ինչ վիճակ է, և հետո նոր պարզում ես և ասում ես` ներողություն: Կարծում եմ, որ պատասխանատվության ինստիտուտը հերթական անգամ տեսնում ենք, որ չի աշխատում, և դա հենց նախարարի թիվ մեկ բացթողումն է, որ իր ենթակա կառույցներում այդ աշխատելաոճը և այդ սկզբունքները չեն դրված աշխատանքների կազմակերպման հիմքում»:

Իրավապաշտպանի խոսքով՝ պատասխանատվություն պետք է կրեն անմարդկային վերաբերմունք ցույց տված բոլոր անձինք. «Դա այն վերաբերմունքը չի, և ընդհանրապես անթույլատրելի է նման վերաբերմունքը մարդկանց նկատմամբ»:

Կեսօրից հետո Առողջապահության նախարարությունը հայտնեց՝ ունեն 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել:

Պատերազմից յոթ ամիս անց էլ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների վերջնական թվեր չեն հրապարակվել։ Անհետ կորածների ծնողները պարբերաբար պետական դռներ են թակում, բողոքի ակցիաներ անում։

XS
SM
MD
LG