Մատչելիության հղումներ

Աբովյանի դիահերձարանի ղեկավարը և 2 աշխատակից հեռացվել են


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն, երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ էլ նշանակվել է ծառայողական քննություն։

Նշենք, որ պատերազմից յոթ ամիս է անցել, սակայն ո՛չ զոհերի, ո՛չ անհետ կորածների վերջնական թվեր չեն հրապարակվել։ Անհետ կորածների ծնողները պարբերաբար պետական դռներ են թակում, բողոքի ակցիաներ անում։

XS
SM
MD
LG