Մատչելիության հղումներ

Ըստ ԱՆ-ի՝ այս պահին չկան փորձաքննություն չանցած մասունքներ, 50 մասունքից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել


Առողջապահության նախարարությունը, վկայակոչելով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալները, հաղորդում է, որ այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ:

«Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Երեկ տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Անհայտ կորածների հարազատները տեղում բողոքել են, և զինվորների մարմինները տեղափոխվել են դիահերձարանի սառնարանային հատված։

Սակայն, այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

XS
SM
MD
LG