Մատչելիության հղումներ

Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի կապակցությամբ ներողություն է խնդրում


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան, արխիվ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան, արխիվ

Երկուշաբթի օրը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում բոլոր հարազատներից: «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - գրում է Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում։

Նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար: Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով, հիշեցնում է Ավանեսյանը։

«Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:

Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին», - գրում է Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, երեկ Տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով: Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Անհայտ կորածների հարազատները տեղում բողոքել են, և զինվորների մարմինները տեղափոխվել են դիահերձարանի սառնարանային հատված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG