Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցած փաստով քրեական գործը հարուցվել է երկու հոդվածով

Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է Քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Գրիգորյանը հոդվածները չնշեց, սակայն ընդգծեց․ - «Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը և կտրվեն իրավական գնահատականներ»։

Օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն, մեկ օր անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ նշելով, որ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին։

Նախարարն այսօր ներկայացրեց ոլորտի բարեփոխումներ՝ նշելով մինչև 2018 թվականը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում մասնաճյուղեր չեն եղել։ Երևանի դիահերձարանն ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ դրանց թիվը հասել է 200-ի։

Նրա խոսքով՝ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Որոշ մասնաճյուղեր նորոգվել են, հիմնանորոգվել են, գործընթացը շարունակվում է։

Նախարարը նաև ընդգծեց՝ 2018-ից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել, այն ձեռք է բերվել 2018-ին։

«Մասնագետների հնարավորությունների զարգացումը ևս մեր ուշադրության կենտրոնում է։ Նաև 25 տոկոսով աճել է նրանց աշխատավարձային ֆոնդը։ 2017 թվականին ընդհանուր բյուջեն կազմել է 389 միլիոն դրամ, իսկ 2020-ին՝ 594 միլիոն դրամ»։

«Ինչո՞ւ այս փոփոխություների արդյուքնում ունենք այս տեսարանը, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ։ ՀՀ-ում այդպիսի համակարգ գոյություն չի ունեցել և մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ միջադեպի հետ առնչություն ունեցող անմիջական բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։