Փաշինյանը 60 տոկոս քվե է ակնկալում` պնդելով, որ դրանից հետո ՀՀ-ում կսկսվի անվտանգության դարաշրջանը

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանը մի քանի ուղղությամբ հատելու 18-րդ օրը վարչապետի պաշտոնակատարը երկրորդ օրն է` շարունակում է իր հանդիպումները Երևանի վարչական շրջաններում։ Խոսում է արտահերթ ընտրություններին 60 տոկոս ձայն ստանալու մասին և պնդում, թե դրանից հետո նոր միայն Հայաստանում կսկսվի անվտանգության կամ խաղաղության դարաշրջանը։

Իսկ մինչ այդ Գեղարքունիքից Սյունիքի սահմանի երկայնքով իրավիճակը շարունակվում է լարված մնալ, նախօրեին ադրբեջանցիները Հայաստանի տարածքում վեց հայ զինծառայողի են գերեվարել, դրանից առաջ հայ զինծառայող էր զոհվել։ Փաշինյանը մայիսի 27 -ին առաջարկեց սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։

Վարչապետի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջով հեռաձակվող հանդիպումների ավարտին փորձեցինք անձամբ նրանից հետաքրքրվել՝ բացի հրապարակային արձագանքերից, ի՞նչ գործուն քայլեր են կատարվում խնդրի լուծման համար։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հրապարակային հայտարարություն է արել, և ես հրապարակային պատասխանել եմ, որ ցանկացած պահի պատրաստ ենք սկսել հետ քաշելու գործընթացը, որ պահին Մինսկի խմբի համանախագահները համաձայնությունը կհաստատեն Ադրբեջանի իշխանությունների հետ, որ իրենք էլ են հետ քաշում, միաժամանակ հետ ենք քաշում: Հաջորդը` մեր պաշտպանության նախարարը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը Մոսկվայում են: Այսօր կվերադառնան, քննարկում է եղել պաշտպանության նախարարի հետ Ռուսաստանի Դաշնության, նաև այլ գործընկերների հետ, և այնտեղ էլ որոշակի պատկերացում կա: Ռուսական կողմը, ես ասացի արդեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, հայտարարությունն ընդունվում է երեքի կողմից: Եթե դա առաջարկվող բանաձև է, սա նշանակում է` դա ընդունելի է Ռուսաստանի կողմից, Ամերիկայի կողմից, Ֆրանսիայի կողմից, այսինքն` այս հարցը դուրս եկավ»:

Առաջարկը հնչեցնելիս Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանին միշտ առանձին ևս դիմում է։ Ռուսաստանից, սակայն, մինչ այս պահը աձագանքել է միայն արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ասել, որ Դաշնությունը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանքով դիմեն երկու կողմերն էլ։

Հանդիպումների ընթացքում խոսելով ղարաբաղյան կարգավորումից՝ Փաշինյանը պարբերաբար հեռախոսից ընթերցում էր տարբեր տարիներին բանակցային սեղանին դրված փաստաթղթերից հատվածներ։ Ամենահաճախը անդրադարձ եղավ Մեղրիին, ասում է՝ 1999-ին իշխանությունները պատրաստ են եղել Մեղրին փոխանցել Ադրբեջանին. «Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1998 թվականին եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում, փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի և Ղազախի շրջանները: Սա այն գյուղերի թեման է, որի մասին խոսում են: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում:

Հիմա քանի որ այս փաստաթուղթը արդեն սեպտեմբերին պարզ էր, որ Ղարաբաղի հարցը այսպես ասած` ինքնորոշման տրամաբանությամբ լուծվելու ճանապարհը փակվում է, և այդ փաստաթղթին Հայաստանի ղեկավարը կողմ է քվեարկում, ի հայտ է գալիս այս գաղափարը, որ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք, և 1999 թվականին տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ այս հարցը դրվում է քննարկման Ռոբերտ Քոչարյանի կողմից, հղում Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքը, և Վաղարշակ Հարությունյանն այն ժամանակ եղել է պաշտպանության նախարար, և քննարկման է դրվում այս տարբերակը: Եվ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, բնականաբար, դեմ են արտահայտվում: Ինչո՞ւ բնականաբար, որովհետև սա ոչ միայն մենք մի շրջան ենք կորցնում այս տրամաբանության մեջ, այլև Իրանի Իսլամական Հանրապետության մեր բաց երկու սահմաններից մեկը կորցնում ենք, և որից հետո Վազգեն Սարգսյանը գնում է Մեղրի, Մեղրիում ելույթ է ունենում: Մարդիկ չգիտեն` ինչի մասին է, բայց ենթատեքստով այս փաստաթղթի դեմ, որից հետո տեղի է ունենում Հոկտեմբերի 27-ը, և Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը սպանվում են»:

Սա Մեղրիի մասին միակ հիշատակումը չէր, ուստի Փաշինյանից հետաքրքրվեցինք` այս պատմական ակնարկներից կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր էլ օրակարգում նման հարց կա, և Ադրբեջանն այդպիսի պահանջ է դնում։

«Ո՛չ, չկա նման բան, ես էլի եմ ասում, տեսեք` հրապարակային հայտարարությունների և իրական քաղաքական գործընթացի մեջ դիսոնանս կա. այն, ինչ մենք պայմանավորվել ենք, ամբողջը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղել է, և նոյեմբերի 9-ի հայտարարության մեկնաբանությունը կոմունիկացիաների մասին, բացվածքը տրվել է հունվարի 11-ի հայտարարության մեջ` եռակողմ էլի: Այդ հայտարարությունը հրապարակված է, այդ հայտարարությանը ես կողմ եմ եղել, Ռուսաստանի Դաշնության նախագահը կողմ է եղել, Ադրբեջանի նախագահը կողմ է եղել: Այդ տեքստը հրապարակված է, կարդացեք և տեսեք` այնտեղ կա որևէ՞ այդպիսի բովանդակություն: Իհարկե, չկա, և մենք չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու միջանցքի հարց», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ընդհանուր առմամբ Փաշինյանն այսօր հանդիպումներ ունեցավ 6 համայնքներում։ Չնայած ինչպես ինքն էր ավելի վաղ բնութագրել, սահմանին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, թեմաները շատ բազմազան էին՝ հորդոր ծնողներին ավելի շատ դիմել պոլիկլինիկաներ, դպրոցներում ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիլզկուլտուրայի դասերին, ինչպես նաև մանկապարտեզներում հերթերի վերացման խնդրին անդրադարձավ։