Մատչելիության հղումներ

Սահմանին պայթյունավտանգ է, Փաշինյանը նախընտրական շտաբներում է


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական պայքարից հետ չի մնում, շտաբից շտաբ է անցնում՝ իր համակիրներին համոզելու, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղավորը չէ, մեղադրող է։

«Կներեք, կարող է մի քիչ լկտի, այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այս դատում մենք մեղադրող ենք», - ասում է նա:

Փաշինյանն էր երեկ ահազանգում, որ Գեղարքունիքից Սյունիք սահմանի երկայնքով, որտեղից ադրբեջանական զորքը 17 օր է՝ կիլոմետրերով մխրճվել է Հայաստանի տարածք, լարվածությունն աճում է։ Նախօրեին ադրբեջանցիները Հայաստանի տարածքում վեց հայ զինծառայողի են գերեվարել, դրանից առաջ հայ զինծառայող է զոհվել, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Լարվածությունը թուլացնելու համար Փաշինյանն Ադրբեջանին և միջազգային հանրությանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանազատումն իրականացնել միջազգային դիտորդների մասնակցությամբ։ Նրա պատկերացմամբ՝ երկու կողմի զինված ստորաբաժանումները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, և սահմանագծի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահող երկրներից դիտորդներ։ Այսօր հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը նախնական արձագանքել է:

Արձագանքը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից է` Փաշինյանը չասաց. «Համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է, հույս ունեմ` մյուս համանախագահող երկրները ևս կարձագանքեն, և այսօր կարելի է դա, մի շաբաթվա մեջ կարելի է, մի քանի օրվա մեջ զորքերը հետ քաշել, ընդհանրապես առանց նախապայմանի կարելի է զորքերը հետ քաշել, հետո մինչև դիտորդները կգան»:

Փաշինյանի առաջարկին Ռուսաստանից ու Թուրքիայից բացի, որևէ պետություն չի արձագանքելու. Հակոբյան

Փաշինյանի առաջարկին Ռուսաստանից ու Թուրքիայից բացի, որևէ պետություն չի արձագանքելու, համոզված է «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը։ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հայտարարություններից բացի, այլ քայլ չեն անելու. «Մասնավոր զրույցներում և՛ Միացյալ Նահանգները, և՛ ֆրանսիացիները` ի դեմ եվրոպացիների Եվրոպան, այսինքն, պարզ հասկացնել են տալիս, որ պետք չի ակնկալիքներ ունենալ մեզանից, գնացեք և ձեր հարցերը լուծեք ռուսների, թուրքերի և ադրբեջանցիների հետ: Այնպես որ, վերջին օրերի այդ խոսակցություններն ինձ համար բացառապես խոսակցություններ են, որով փորձ է արվում իբր ճնշում բանեցնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա` ասելու, որ տես, եթե դուք չգաք, միջազգային ուժեր կգան: Ոչ մի միջազգային ուժ էլ չի գալու, մոռացեք սա»:

Ակնկալել, որ ՀԱՊԿ-ից դուրս որևէ երկիր Հայաստանում խաղաղապահ առաքելություն կարող է իրականացնել, նշանակում է չհասկանալ միջազգային պարզագույն իրավակարգ, ասում է Հակոբյանն ու եզրահանգում՝ Փաշինյանն այդպես էլ երեք տարում ոչինչ չսովորեց. «Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով կանգնած են ռուս խաղաղապահները, Գյումրիում կանգնած է 102-րդ ռազմակայանը, ուր որ է հավանաբար նաև Սյունիքում էլ ռուսների ներկայությունը եթե բազայի ձևով չլինի, ապա լրջագույն ներկայություն կլինի, և մենք տեսնում ենք ավելացումը դրա»:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Փաշինյանի առաջարկը ընթացք չստանա, հնարավո՞ր է` պատերազմ պայթի, հատկապես որ ինքն է ասում՝ եթե սա չանենք, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա։

«Իմ տեղեկություններով` առաջիկա 2-3 օրերի ընթացքում Փաշինյանը ստորագրելու է փաստաթուղթ, որով և սկսվելու են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հայերենով ասած, սահմանազատման և սահմանագծման աշխատանքները», - ասում է Թաթուլ Հակոբյանը:

Նրա համոզմամբ` այս գաղափարը Փաշինյանն է մտահղացել Կութ-Երևան ճանապարհին և հանրայնացրել առանց քննարկելու Արտաքին գործերի նախարարության կամ դիվանագետների հետ։ Կասկած չունի՝ հենց այդ պատճառով էլ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այդ առաջարկից ժամեր անց հրաժարական տվեց:

Ադրբեջանից դեռ արձագանք չկա

Սահմանների ճշգրտման այս առաջարկին, որ Փաշինյանը համարում է փոխշահավետ, Ադրբեջանից դեռ արձագանք չկա։ Բաքուն սահմանազատմանը համաձայն է մի դեպքում, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։

«Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ, թե Արարատի և Սադարաքի արանքում մեր պետական պարիսպը որտեղով է անցնում: Մենք պե՞տք է ունենանք այդ պարիսպը, թե՞ չպետք է ունենանք», - նշում է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» երևանյան գրասենյակներում էր։ Ընտրողներին ապագա խոստացող Փաշինյանի բուն ասելիքը դարձյալ նվիրված էր անցյալին։ Իր պաշտոնավարման վերջին ինը ամիսներին երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղադրանքի սլաքները նախկին իշխանությունների ուղղությամբ էին, իսկ ինքը քաղաքացիների աչքերի մեջ նայելու խնդիր չունի. «Իմ հայացքը տխուր է, տանջված է, տառապած է, բայց ես այդ հայացքը չեմ թաքցնում, որովհետև այդ հայացքի մեջ չկա մի բան, որը ինձ թույլ չի տա ձեզ, ձեր աչքերի մեջ նայել»:

Վարչապետի պաշտոնակատարի ու իր համակիրների հանդիպումը լրագրողների համար դռնփակ էր։ Հայաստանյան պայթյունավտանգ իրավիճակից ելքերի մասին հարցեր ունեինք, բայց Փաշինյանին շրջապատած թիկնապահների շղթան չհաջողվեց ճեղքել։ Անվտանգության աշխատակիցները հսկում էին մեր ամեն քայլը, բոլոր կողմերից արգելեցին մոտենալ նրան՝ միաժամանակ ապահովելով Փաշինյանի ու իր համակիրների անխափան սելֆիներն ու նախընտրական ջերմ շփումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG