Մատչելիության հղումներ

Ինտենսիվ բանակցություններ են գնում գերեվարվածներին վերադարձնելու ուղղությամբ, շեշտում է Փաշինյանը


Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` ինտենսիվ բանակցություններ են ընթանում գերեվարվածներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ազատությանը»:

Հարցին, թե ինչ արձագանքներ կան իր երկու օր առաջ արած առաջարկին` միջազգային դիտորդներ տեղակայել սահմանին, նա հիշեցրեց համանախագահների երեկվա արձագանքը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար, և ես ողջունել եմ այդ հայտարարությունը: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք սկսել մեր զորքերի հետքաշման գործընթացը, որ պահին Մինսկի խմբի համանախագահները համաձայնությունը կհաստատեն Ադրբեջանի իշխանությունների հետ, որ իրենք էլ են հետ քաշում: Նաև ինտենսիվ բանակցություններ են գնում մեր գերեվարվածներին… շատ կարևոր արձանագրում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արձանագրված է բոլոր գերիների վերադարձնելու անհրաժեշտությունը»:

Հայաստանի վարչապետի աշտոնակատարն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ առաջարկով հանդես եկավ՝ երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների:

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները հայտարարել են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար»:

XS
SM
MD
LG