Եվրոպան սկսեց քննարկել Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը

Ձերբակալված բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի մայրը, Նատալիա Պրոտասևիչը, Վարշավա, 27 մայիսի, 2021թ.

Եվրոպական միության արտաքին գործոց նախարարներն աշխատանքային համաժողով են գումարել Լիսաբոնում:

Հավաքում նախատեսված էր քննարկել Եվրամիություն - Աֆրիկա հարաբերությունները, չկարգավորված հակամարտություններն Արևելյան հարևանության և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան շրջաններում, սակայն արտահերթ եղանակով օրակարգ է բերվել Բելառուսի խնդիրը:

Եվրամիությունը նոր պատժամիջոցներով է պատասխանելու ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին կալանավորելու նպատակով Աթենք - Վիլնյուս չվերթն իրականացնող քաղաքացիական օդանավի առևանգմանը:

«Մենք կսկսենք Բելառուսից, ինքնաթիռի առևանգումը, երկու ուղևորների կալանավորումը բացարձակ անընդունելի արարքներ են, և մենք կքննարկենք սեկտորային և տնտեսական պատժամիջոցների հարցը», - ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Չմանրամասնելով, նա հայտնել է, որ Եվրամիությունը կազմում է նաև հատուկ ցանկ, որում կընդգրկվեն պատժամիջոցների ենթարկվելիք բելառուս պաշտոնյաները:

Բորելը նշել է, որ Լիսաբոնի այս հավաքը սոսկ աշխատանքային է, ուստի նախարարները որոշումներ այսօր չեն կայացնի, բայց կկազմեն կոնկրետ ծրագիր, որն առաջիկայում կիրականացվի արդեն պաշտոնական մակարդակով:

Եվրամիությունը կհարվածի ոչ միայն օդանավի առևանգումը կազմակերպած անհատներին, այլև տնտեսության սեկտորներին, ընդ որում, Եվրոպայում հրաշալի գիտեն, թե որ թիրախին է պետք հարվածել, որ Բատկան զղջա իր արարքների համար:

«Առանցքային բառը «պոտասոիումն» է, նույն ինքը կալիումի կարբոնատը, Բելառուսն այն մեծ քանակությամբ է արտադրում և աշխարհում ամենախոշոր արտահանողներից է։ Կարծում եմ, մինչև հունիսի 21-ը մենք կձևակերպենք այդ առաջարկը և կընդունենք Լյուքսեմբուրգում գումարվելիք գագաթնաժողովում», - ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը:

Եվրոպան շատ խիստ է տրամադրված և նկատել է տալիս, որ օդանավի առևանգումը յուրօրինակ «կարմիկ գիծ» էր, որը Լուկաշենկոն չպետք է հատեր:

«Ակնհայտ է, որ մեզ չեն բավարարի փոքրիկ քայլերը, մենք կսահմանենք պատժամիջոցներ, որոնք իսկապես մեծ ճնշում կգործադրեն Բելառուսի տնտեսության վրա, դրանք կհարվածեն տնտեսական և ֆինանսական սեկտորներին, և այդ ամենը կզգա Լուկաշենկոն։ Նա կգիտակցի, որ երկխոսության ժամանակն անցել է հենց այն պահից, երբ նա համարձակվել է նման արարք գործել», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Վաղը Սոչիում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախապես օրակարգում տնտեսական հարցեր էին, բայց առանցքային թեմա կարող է դառնալ օդանավի առևանգումն ու Եվրոպայի ծրագրած պատժամիջոցները:

Ի դեպ, լրագրողից զատ բելառուս իրավապահները ձերբակալել են նաև նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգային:

«Կարծում եմ, նախագահ Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահին կտեղեկացնի օդանավի պատմության մասին։ Իհարկե, անդրադարձ կլինի նաև այժմ Մինսկի պահման կենտրոնում գտնվող Ռուսաստանի քաղաքացու կալանավորմանը»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մինչդեռ, առևանգված օդանավում ձերբակալված լրագրող Պրոտասևիչի մայրը՝ Նատալյա Պրոտասևիչը, միջազգային համայնքին աղաչում է օգնել։ Նա պնդում է, որ Ռոմանին բանտում կտտանքների են ենթարկել և ասում է, թե Լուկաշենկոյի ռեժիմը կարող է սպանել իր զավակին: