Եվրամիության պետությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում Ryanair ավիաընկերության օդանավի անձնակազմին վայրէջքի հարկադրելը և պահանջել են անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն:
ԵՄ գագաթնաժողովը երեկ որոշում կայացրեց արգելել բելառուսական ավիաընկերություններին թռչել Եվրամիության օդային տարածքով, ինչպես նաև առաջարկեց եվրոպական ավիափոխադրողներին հրաժարվել թռիչքներից այդ երկրի օդային տարածքով:
Ryanair-ի միջադեպի հետ կապված՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է որոշում մշակել Ուկրաինայի և Բելառուսի միջև ուղիղ թռիչքները դադարեցնելու մասին և արգելել ուկրաինական գրանցում ունեցող ինքնաթիռներին թռչել Բելառուս և այդ երկրի տարածքով: Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք՝ կիրակի օրը Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության օդանավը Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել «ականապատման» ահազանգից հետո, ինչին հաջորդել է Պրոտասևիչի ձերբակալությունը։
Մինչ եվրոպացի առաջնորդները քննարկում էին Մինսկի գործողությունների պատասխան միջոցները, Բելառուսի հատուկ ծառայությունները տեսանյութ են տարածել Պրոտասևիչից:
«Բարև ձեզ, իմ անունը Ռոման Պրոտասևիչ է: Երեկ ՆԳՆ աշխատակիցներն ինձ բերման ենթարկեցին Մինսկի Ազգային օդանավակայանից: Այժմ ես գտնվում եմ Մինսկ քաղաքի թիվ 1 քննչական մեկուսարանում: Կարող եմ հայտարարել, որ առողջական խնդիրներ չունեմ, այդ թվում՝ սրտի հետ կապված կամ որևէ այլ օրգանների: Աշխատակիցների վերաբերմունքն իմ հանդեպ հնարավորինս կոռեկտ է և օրենքի սահմաններում: Նաև հիմա շարունակում եմ համագործակցել հետաքննության հետ և խոստովանական ցուցմունքներ եմ տալիս Մինսկ քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստի մասին»: