Արևմուտքը հստակ ընդգծում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը հեշտությամբ չի մարսի ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար պետական մակարդակով եվրոպական քաղաքացիական օդանավ առևանգելու բելառուսական չեկիստների գործողությունը:
Առաջին տհաճ լուրը հայտնել է Բրյուսելը՝ Եվրոպական միությունը սառեցնում է 3 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիրը, և այն Բելառուսին կտրամադրվի միայն դեմոկրատիան վերականգնելուց հետո:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ, օդանավի առևանգման հետ առնչություն ունեցող պաշտոնյաների, ինչպես նաև Բելառուսի ավիացիայի նկատմամբ կսահմանվեն կոշտ պատժամիջոցներ, բացի այդ, դրանք կկիրառվեն նաև Բելառուսի ռեժիմի շահերը սպասարկող տնտեսական և ֆինանսական կառույցների նկատմամբ:
«Եվ վերջապես, կա 3 միլիարդ եվրոյի ներդրումների փաթեթը, այն սառեցված կմնա, քանի դեռ Բելառուսը չի վերածվի դեմոկրատական երկրի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Եվրոպական միության գործադիր կառույցի ղեկավարի խոսքով, Բրյուսելը պահանջում է անհապաղ ազատ արձակել լրագրող Պրոտասևիչին և ճնշում կբանեցնի այնքան ժամանակ, մինչև Մինսկում վերջապես կերաշխավորեն մամուլի ազատությունը և քաղաքացիների ազատ խոսքի իրավունքը:
Մինչդեռ, Բելառուսի իրավապահները համացանցում տեղադրել են կալանավորված Ռոման Պրոտասևիչի փոքրիկ տեսաուղերձը, որով լրագրողը տեղեկացնում է, թե գտնվում է Մինսկի թիվ 1 պահման կենտրոնում, իբր, իրեն լավ է զգում, և ոստիկաններն իր հետ, իբր, շփվում են օրենքի սահմաններում: Նա ասել է նաև, թե խոստովանական ցուցմունքներ է տալիս Մինսկում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպելու գործով:
(«Ազատությունն» իր նյութերում այդ տեսագրությունը չի օգտագործում այն պարզ պատճառով, որ պահման կենտրոնում արված որևէ հայտարարություն անկեղծ և արժանահավատ չի համարում):
Պրոտասևիչի բարեկամները և գործընկերներն անմիջապես հայտարարել են, որ այդ հոլովակը տեսագրվել է հարկադրանքի տակ:
Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայան այսօր ասել է, որ «կադրերից երևում է, որ Ռոմանը ֆիզիկական և բարոյական ճնշման տակ է» և պահանջել է անհապաղ ազատել նրան ու մնացած քաղբանտարկյալներին:
Լրագրողի հայրը՝ Դմիտրի Պրոտասևիչը, չի կասկածում, որ բելառուս չեկիստներն իր որդուն կտտանքների են ենթարկել: Նրա խոսքով, ըստ տեսագրության, տղայի ճակատին սև կետ է հայտնվել, դեմքի արտահայտությունը լրիվ փոխվել է:
«Նրան ստիպել են, սա նրա խոսքը չէ, նրա ինտոնացիան չէ, նա շատ կաշկանդված է, նյարդային, շատ հավանական է, որ կիթը կոտրել են, երերեսին դիմափոշի է, երևի, կապտուկներն են փակել, նրա ձայնը չէ, սեղանին նրա ծխախոտը չէ, կարծում եմ, նրան ստիպել են ասել այն, ինչ տեսագրել են»,- ասել է Դմիտրի Պրոտասևիչը:
Բելառուսի իրավապահները փորձել են ինչ-որ բացատրություններ ներկայացնել Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող օդանավին Բելառուսի օդային տարածքում վայրէջք պարտադրելու վերաբերյալ:
«Մայիսի 23-ին Մինսկի Ազգային օդակայանը ստացել է անգլերեն գրված էլեկտրոնային նամակ, ըստ որի Համաս զինված շարժումը Եվրամիությունից պահանջում է չսատարել Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին: Նամակում գրված է, որ օդանավի ուղևորների թվում են «Դելֆի» համաժողովի մասնակիցները, Համասը ռումբ է տեղադրել, և եթե պահանջը չկատարվի, ռումբը կպայթի, երբ օդանավի կհասնի Վիլնյուսի օդային տարածք»,- ասել է Բելառուսի տրանսպորտի նախարարը:
Արևմուտքում այս վարկածը միանգամից մերժել են: Ի դեպ, Համասն էլ, իր հերթին, հայտարարել է, թե ոչ մի կապ չունի օդանավի միջադեպի հետ:
Այսօր օդանավի միջադեպի մասին է խոսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սա պետական մակարդակով իրականացված օդահենություն է, որը վկայում է, թե ինչ վերաբերմունք ունի Մինսկի ռեժիմը դեմոկրատական հիմնարար իրավունքների և անկախ մամուլի նկատմամբ, անհրաժշտ է միջազգային հետաքննություն, լրագրող Պրոտասևիչը և նրան ուղեկցող Սոֆիա Սապեգան պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է Ստոլտենբերգը:
Նախօրեին Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգները, նախագահն իր թիմին կարգադրել է մշակել օդանավի առևանգման հետ առնչություն ունեցող բելառուս պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու միջոցներ: Վաշինգթոնն իր քայլերը կհամակարգի եվրոպացի գործընկերների հետ:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքիի փոխանցմամբ, պատկան ծառայությունները նախագահ Ջո Բայդենին շատ արագ են տեղեկացրել միջադեպի մասին:
«Աղաղակող արարք է, լրագրողին ձերբակալելու համար շեղել Եվրամիության մի երկրից մյուսն ուղևորվող օդանավի թռիչքը, սա միանշանակ սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Մենք ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության խողովակներով մշտական կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, մենք պահանջում ենք միջազգային, թափանցիկ և վստահելի քննություն»,- ասել է Սաքին:
Եվրոպական մի շարք երկրներ արդեն խզել են օդային կապը Բելառուսի հետ և, ամենայն հավանականությամբ, սա միայն սկիզբն է: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Արևմուտքը նոր սանկցիաներ կսահմանի Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ: