Պատվաստումների մեկնարկից մեկ ամիս անց Հայաստանում բնակչության 1 տոկոսն էլ դեռ չի պատվաստվել COVID-19-ի դեմ։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն «Ազատության» եթերում ընդունեց, որ պատվաստումների ակտիվության առումով Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղում է. վերջին տվյալներով՝ շուրջ 12 հազար մարդ է պատվաստվել։
«Շատ լավ ցուցանիշ դեռ չունենք, և մեր հարևաններն էլ թվերի առումով մեզնից առաջ են, բայց մեր տեմպը պատվաստման գործընթացի քանի գնում ավելանում է, մենք պետք է արագ կերպով գանք, հասնենք նաև մեր հարևանների, տարածաշրջանի ցուցանիշներին», - նշեց նախարարի պաշտոնակատարը:
«Ազատության» հարցին՝ տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղո՞ւմ է, Ավանեսյանը պատասխանեց. «Մեր հարևանների համեմատ, այո»:
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանի մի քանի հատվածներում ու երեք մարզերում պատվաստումային շարժական կետեր են գործում։ Նախատեսվում է վաղը մայրաքաղաքում ավելացնել ևս երեք այդպիսի կայան, դրանց թիվը հասցնելով 7-ի։ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ բոլոր այդ կայաններում, ընդհանուր առմամբ, մինչև այսօր պատվաստվել է 168 քաղաքացի։
Հյուսիսային պողոտայում գործող կայանի առջև գրեթե ամեն օր հերթեր են, հիմնականում՝ օտարերկրացիներ։ Անցորդներն էլ մոտենում հետաքրքրվում են, թե ի՞նչ պատվաստանյութով են պատվաստում և այլն։ Մեզ հանդիպած ամերիկայի քաղաքացի երկու հայազգի տղամարդկանց տարօրինակ թվաց, թե ինչո՞ւ են մարդիկ մի պատվաստանյութը գերադասում մյուսից։ Ասում են՝ իրենք պատվաստվել են Moderna-ով, եթե Ամերիկայում AstraZeneca առաջարկեին իրենց, ապա դրանով կպատվաստվեին։ Ամեն դեպքում նշեցին՝ պատվաստվել են և վստահ են, որ վարակվելու դեպքում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում չեն հայտնվի:
«Այդքան էլ կարևոր չէ Moderna է, թե AstraZeneca է կամ մյուսն է, ես, օրինակ, ունեմ Անգլիայում ընկերներ, որոնք AstraZeneca-ով են պատվաստվել, որովհետև այնտեղ դա էին տրամադրում և շատ լավ են: Ամերիկայում կարելի էր 65-ից վեր պատվաստվել, պատվաստվել եմ», - ասաց «Ազատության» զրուցակիցը:
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է իր ենթակայությամբ գործող պոլիկլինիկաների և կոնկրետ աշխատակիցների հեռախոսահամարներ, որպեսզի պատվաստվել ցանկացողները հերթագրվեն և գնան պատվաստվելու։ Դժգոհություններ կան, որ զանգահարող քաղաքացիները հաճախ երկար են սպասում, որպեսզի լրանա, օրինակ, AstraZeneca-ով պատվաստվելու համար անհրաժեշտ 8-10 քաղաքացու ներկայությունը կամ երբեմն նաև պոլիկլինիկաներից խոստացված հետադարձ զանգը չեն ստանում և այլն։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին, այսօրինակ հարցեր էին ուղղել նաև «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի մասնակիցները։ Ավանեսյանն ասաց՝ խնդիրներ կան, բայց շտկվում են։ Նույնն ասաց նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Արմինե Զոհրաբյանը։
«Հիմնականում խնդիրը, կարծում եմ, առաջանում է AstraZeneca պատվաստանյութի հետ կապված, որովհետև AstraZenecan 10 դեղաչափ է պարունակում, և որպեսզի 10 դեղաչափը մեկ օրվա մեջ իրականացնեն, անհրաժեշտ է, որ վեց ժամվա մեջ դա օգտագործվի: Որոշ պոլիկլինիկաներ, իհարկե, սկզբնական շրջանում նշանակում էին օրեր, որպեսզի այդ օրերին գնան պատվաստվեն: Առաջին օրերին շատ դժվար էր գնում պատվաստումային գործընթացը, հիմա ավելացել են ցանկացողները, կարծում եմ, հիմա արդեն դժվարություններ չկան», - ասաց Արմինե Զոհրաբյանը:
Հայաստանում այս պահին կիրառվում է բրիտանա-շվեդական AstraZeneca-ն՝ 18-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների համար, մի քանի օրից՝ նույն սկզբունքով հասանելի կլինի նաև չինական CoronaVac պատվաստանյութը։ Իսկ 18-54 տարեկան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները, բուժաշխատողներն ու հատուկ հաստատությունների աշխատակիցները կարող են պատվաստվել ռուսական Sputnik V-ով։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը երեկ «Ազատության» եթերում ասաց, որ բանակցություններ են տարվում ամերիկյան Novavax պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ։ Նա նշեց նաև, որ Moderna-ն է նախնական համաձայնություն է տվել COVAX-ին միացած երկրներին մատակարարում ապահովելու համար։