Պատվաստվիր ու պաշտպանվիր՝ իրազեկող պաստառների ու թռուցիկների կողքին արդեն երրորդ օրն է շարժական պատվաստումային խմբեր են տեղակայվել։ Մայրաքաղաքի առայժմ 3 կետերում՝ 2 մոլերի հարակից տարածքում ու Հյուսիսային պողոտայում, իսկ երեկվանից նաև Գյումրիում ու Վանաձորում, շրջիկ կայանները պատվաստում են բոլոր ցանկացողներին։ Հյուսիսային պողոտայում առավոտից, իսկ մոլերի տարածքում ժամը 16-ից մինչ 21-ը։ Ու մինչ բուժանձնակազմը կպատրաստվի, պատվաստվել ցանկացողների հերթեր են գոյանում։
Այսօր մոլերից մեկի տարածքում տեղակայված կայանի մոտ արձանագրեցինք, որ պատվաստվել ցանկացող քաղաքացիների գերակշիռ մասը սփյուռքահայեր ու օտարերկրյա քաղաքացիներն են՝ հիմնականում Սիրիայից ու Իրանից։ Որ առաջին օրերի համեմատ Հայաստանում պատվաստվել ցանկացողների շրջանում ակտիվություն է նկատվում, նաև իրենք՝ բուժհաստատությունների ներկայացուցիչներն են փաստում, դրա մասին են վկայում նաև թվային տվյալները։ Եթե առաջին օրերին Հայաստանում պատվաստվողների թիվը չէր անցնում մի քանի հարյուրը, ապա հիմա օրական պատվաստվողների թիվը անցնում է հազարը։ Երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 10 հազար 281 քաղաքացի կամ բնակչության 0,35 տոկոսը։
Բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել բրիտանա-շվեդական «Աստրազենեկա»-ով, իսկ ռուսական «Սպուտնիկ Վ»-ին՝ դեռևս հասանելի է միայն 18-54 տարեկան թիրախային խմբերում գտնվող քաղաքացիներին։ Առաջիկա օրերին պոլիկլինիկաներում արդեն կլինի նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը, այն ևս հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար։ Ի դեպ՝ այս պատվաստանյութն օրեր առաջ հաստատվել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
«Արդեն նախնական COVAX-ի միջոցով ունենք առաջարկը Novavax պատվաստանյութի և Joհnson-ի պատվաստանյութի, բայց կոնկրետ ժամանակը դեռ չունենք՝ երբ կստանանք, որովհետև ընդհանուր առմամբ քչություն կա պատվաստանյութի, և բոլոր երկրները կռվում են, թե ով ավելի շատ կկարողանա ձեռք բերել, ով իր բնակչությանը առաջինը կապահովի պատվաստումներով», - ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նոր պատվաստանյութերի ներկրման մասին Անահիտ Ավանեսյանը խոսել է երեկ կայացած օնլայն հանդիպմանը, որի ժամանակ Հայաստանում և արտերկրում աշխատող հայազգի մասնագետները պատասխանել են քաղաքացիների հարցերին։ Այո, ընտրության իրավունքը կարևոր է, բայց տվյալ դեպքում, երբ աշխարհի շատ երկրներում դեռ պատվաստանյութն անհասանելի է, պարզապես պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից, ընդգծել է Անահիտ Ավանեսյանը, իսկ Լիբանանում աշխատող բժիշկը հաստատել՝ այսօր պատվաստվելու հնարավորություն ունենալը մեծ առավելություն է։
«Պատվաստանյութ ունենալը և պարզապես մտնել որևէ պոլիկլինիկա, որպեսզի ստանաս պատվաստանյութը, ինչպես որ հիմա Հայաստանում է, իրապես առավելություն է Հայաստանի ցանկացած բնակչի համար», - ասաց բժիշկը:
Այսօր աշխարհում կիրառվող բոլոր 6 պատվաստանյութերը հնարավորություն են տալիս կա՛մ խուսափել վարակվելուց, կա՛մ վարակվելու դեպքում կանխել դրա ծանր ընթացքը։ Խոսելով պատվաստանյութերի որակական հատկանիշների մասին, մասնագետները նշել են, որ դրանք բոլորն էլ անցել են փորձարկումներ և ունեն գրեթե նույն ազդեցությունը։
Քննարկման մասնակից մասնագետները չեն դադարում հիշեցնել վարակին հրաժեշտ տալու միակ ճանապարհը պատվաստվելն է։
Իսրայելը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պատվաստումների թվով առաջատարը, որտեղ բնակչության մոտ 63 տոկոսն արդեն պատվաստվել է, Իսրայելին հաջորդում է Միացյալ Թագավորությունը՝ պատվաստման 52 տոկոս ցուցանիշով։ Պորտուգալիայում, թեպետ պատվաստման ցուցանիշը 25 տոկոս է, բայց եթե տարվա սկզբին օրական 300 մահ էր գրանցվում, այսօր արդեն մահվան դեպքեր կամ չեն գրանցվում կամ քիչ են գրանցվում։