Մատչելիության հղումներ

Պատվաստվել ցանկացողների թիվը աճում է նաև Գյումրիում


Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են ապրիլի 15-ից։ Մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի փոխանցմամբ՝ մարզին այս պահին հատկացվել է «Աստարազենեկայի» 1500 և «Սպուտնիկ Վ-ի» 342 դեղաչափ։

«Այս պահի դրությամբ ընդհանուր ունենք 557 պատվաստում: Մեր մարզում ընդգրկվածության ցուցանիշը գնահատվում է բարվոք», - ասաց նա:

Երեկվա տվյալներով՝ Հայաստանում պատվաստվածների թիվը 5880 է, նրանց մոտ 10 տոկոսը Շիրակի մարզից է: Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի բժշկուհի Աննա Ղասաբյանն ասում է՝ առաջին օրերի համեմատ պատվաստվել ցանկացողների թիվը աճել է. «Պատկերացրեք` առաջին փուլը սկսվեց, մի քիչ դժվարությամբ էին գալիս, հիմա արդեն պատվաստվողներ կան, արդեն գիտակցում են երևի, բնակիչներն էլ մեկը մյուսին կարծիքները հայտնում են, հիմա արդեն բավականին լավ կամավոր գալիս են, պատվաստվում են: Փառք Աստծո, առայժմ որևէ անբարեհաջող դեպք չենք ունեցել, չի գրանցվել, բոլորը շատ լավ տարել են»:

Այս պոլիկլինիկայում արդեն 100-ից ավելի մարդ է պատվաստվել։ Եղել են դեպքեր, որ քաղաքացին հրաժարվել է իր համար նախատեսված վակցինայից և ցանկություն հայտնել մյուսով պատվաստվել։ Հայաստանում այս պահին կիրառվում է երկու տեսակի պատվաստանյութ՝ բրիտանա-շվեդական «Աստրազենեկա»՝ նախատեսված 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար, և ռուսական «Սպուտնիկ Վ»՝ 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, խրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների ու աշխատակիցների համար։ Առաջիկա օրերին կկիրառվի նաև չինական «Կորոնավակը». «Լինում է` ոչ թե կատեգորիկ «Աստրա» չեն ուզում, այլ ասենք հիմա արտագնա աշխատանքների են գնում մարդիկ, լինում է, որ մոտակա մի շաբաթում պիտի Ռուսաստան գնան, բնական է, որ ավելի նպատակահարմար է առաջին դեղաչափն անել «Սպուտնիկ», որպեսզի երկրորդ դեղաչափն այնտեղ էլ մարդը ստանա «Սպուտնիկ», քանի որ երկու դեղաչափ է, պարտադիր նույն վակցինայով պետք է ստանալ: Չի կարելի մեկը «Սպուտնիկ» անել, մեկը «Աստրա» կամ հակառակը: Իսկ առանձնապես չէ, տարիքային բաներով ստանում են և «Աստրան» մեծ սիրով»:

Պատվաստանյութերը պահվում են հատուկ սառնարաններում՝ հատուկ ջերմաստիճանում։

Մեր նկարահանման պահին մի տղամարդ, ով չցանկացավ ներկայանալ, կամավոր էր եկել պատվաստվելու: Ասաց՝ ընտանիքի մյուս անդամներին օրինակ է ծառայում, որ նրանք էլ գան, պատավաստվեն. «Առայժմ մենակ ես եմ, մյուսներն էլ են գալիս հերթով: Առաջինը ես օրինակ ծառայեմ, հետո նոր մյուսները: Չեմ համոզելու, ամեն մարդն իր մտածելակերպն ունի և թող մտածելակերպով շարժվի: Ես միշտ պատվաստվել են գրիպի դեմ, ի՞նչ տարբերություն, գրիպ է, թե այս մյուս վիրուսն է, պատվաստվում ես քո առողջության համար»:

Վերջին օրերին նաև իշխանության ներկայացուցիչներն են պատվաստվում՝ հորդորելով նույնը անել բնակչությանը։ Երկու օր առաջ պատվաստված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Առողջապահության նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ նշել է, որ տուրիզմի ոլորտում որոշակի տեղաշարժ կա, հետևաբար Հայաստանը լավ հնարավորություն ունի տուրիզմի նոր ուղղություն դառնալու պատվաստված քաղաքացիների մեծ թիվ ապահովելու դեպքում: Այս պահին պատվաստվել է Հայաստանի բնակչության մոտ 0.2 տոկոսը. «Ակնհայտ է, որ աշխարհում հիմա, ըստ էության, երկրները գնահատվում են ըստ այն, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում, և այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են, համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար»:

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ շաբաթների համեմատ նվազել է։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա մարտից մինչ օրս մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 220 հազար մարդ։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG