Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետների՝ որպեսզի երկիրն ունենա կայուն իմունիտետ, պետք է բնակչության 70 տոկոսից ավելին պատվաստված լինի


Հայաստանում քովիդի դեմ պատվաստվել է 8652 մարդ, այսինքն բնակչության 0,29 տոկոսը։ Իսկ մինչև այսօր քովիդից մահացել է 4000-ից ավելի մարդ։ Մասնագետների պնդմամբ՝ որպեսզի երկիրն ունենա կայուն իմունիտետ, ապա պետք է բնակչության 70 տոկոսից ավելին պատվաստված լինի։

Երրորդն օրն է ինչ մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատվաստումային շարժական կետեր են գործում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն երեկ այդ կետերում արդեն 90-ից ավելի քաղաքացի է պատվաստվել և՛ «Աստրազենեկա»-ով, և՛ «Սպուտնիկ»-ով։ Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կետի մոտ վաղ առավոտից արդեն մարդիկ էին կուտակվել, այդ թվում՝ օտարերկրացիներ։ Պատվաստվելու համար հերթ կանգնած քաղաքացիներն ասացին՝ գերադասում են պատվաստվելով պաշտպանվել, ոչ թե վարակվելով հակամարմիններ ձեռք բերել, հակապատվաստումային լուրերն էլ որակում են, որպես տեղեկատվական պատերազմ:

Առողջապահության նախարարության ու քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ՝ պատվաստումների շարժական ևս մեկ կայան կավելանա Երևանում՝ դառնալով երեքը, այդպիսիք կլինեն նաև մի քանի մարզերում։ Նույն նախաձեռնության շրջանակներում նաև պատվաստումների մասին իրազեկող թռուցիկներ են բաժանվում անցորդներին:

Հանդպեցինք նաև ԱՄՆ քաղաքացիություն ունեցող մի քանի հայ անցորդների, նրանցից մեկն ասաց՝ Նահանգներում Pfizer-ով է պատվաստվել, որովհետև այդպես գոնե վստահ է՝ վարակվելու դեպքում էլ ծանր չի տանի՝ կապրի:

18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ օտարերկրացիները, Հայաստանում կարող են անվճար պատվաստվել բրիտանա-շվեդական AstraZeneca-ով, իսկ 18-ից մինչև 54 տարեկան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները, բուժաշխատողներն ու հատուկ հաստատությունների աշխատակիցները՝ ռուսական Sputnik V-ով։ Օրերս 50 հազար հոգու համար Հայաստան ներկրված չինական CoronaVac տեսակի պատվաստանյութը նույնպես հասանելի կլինի կրկին 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար։

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը, որը քովիդի բռնկման օրվանից նաև մասնագիտացել է կորոնավիրուսի բուժմամբ, «Ազատությանն» ասաց, Աբովյանում գործող իրենց բժշկական կենտրոնի փորձով կարող է ասել՝ պատվաստվել ցանկացողների թիվը գնալով աճում է։ Խթանն, ըստ նրա, հենց պատվաստվող բժիշկների օրինակն է։ Օրինակ, Հայրումյանը պատվաստվել է Sputnik V-ով, մայրը՝ AstraZeneca-ով։ Մինչ մեր զրուցակիցը կհասներ իր աշխատասենյակ, միջանցքում հանդիպեց պատվաստման համար հերթագրված քաղաքացիների։

Բժիշկ Հայրումյանն ասաց՝ իրենց կլինիկայում 30 հոգի պատվաստվել է «Աստրազենեկա»-ով, 15-ը՝ «Սպուտնիկ»-ով, ևս 10 մարդ մեր հարցազրույցի պահին էր սպասում պատվաստման իր հերթին։ Նրանցից որևէ մեկի մոտ, ըստ «Ազատության» զրուցակցի, կողմնակի բացասական ազդեցություններ չեն նկատվել։ Բժիշկը նաև հիշեցրեց՝ պատվաստումները 100 տոկոսով կանխում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ու մահացու դեպքերը։

Քովիդի բուժմամբ մասնագիտացած բժիշկը պատվաստվողներին էլ խորհուրդ տվեց՝ շարունակել դիմակ կրել. «5-7 տոկոս կամ 10 տոկոս հավանականություն կա, որ կարող են հիվանդանալ և թեթև տանել, բայց քանի որ կարող են հիվանդանալ ու կարող են նաև իրենք վիրուս փոխանցող լինել, դրա համար դիմակ կրելն էլի ցանկալի է»:

Նախորդ շաբաթների համեմատ նվազում են նաև կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերը։ Պաշտոնական տվյալներով վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 356 մարդ, բուժվել է 1034-ը, գրանցվել է մահվան ևս 17 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG