Քոչարյանին ու մյուսներին մեղսագրված արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածին. Գլխավոր դատախազ

Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ այդ գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրված արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Այսօր Ազգային ժողովում պատասխանելով որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Արման Բաբաջանյանի հարցին, հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Միքայել Հարությունյանին և գործող ամբաստանյալների՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրված արաքը, հատուկ նորմի հակասահմանադրական ճանաչելուց հետո, իր նկարագրությամբ համապատասխանում է այդ արաքին վերաբերող ընդհանուր նորմին՝ 309 հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն: Ընդ որում՝ 309 հոդվածն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում քան 308 հոդվածը», - ասաց գլխավոր դատախազը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գլխավոր դատախազությանը մեղադրում է Մարտի 1-ի գործը փակուղի մտցնելու համար, միևնույն ժամանակ ասելով, թե այդ ամենում իր մեղքի բաժինն ունի նաև Սահմանադրական դատարանը (ՍԴ)։

«Կարծում եմ՝ ամենամեծ մեղքի բաժինը դատախազությանն է, որը համառորեն գնում էր հենց այս ճանապարհով՝ շատ լավ իմանալով, որ ի վերջո եղել է հանցավոր համագործակցություն իշխանության բոլոր կառույցների, ինստիտուտների միջև», - ասաց Բաբաջանյանը:

«Մենք ինքներս ենք գործով ձեռքբերված տվյալներով, համապատասխան ապացույցներով հաստատել, նկարագրել մեղադրանքում, և այդ մեղադրանքի նկարագրությունը կամ դրա տակ եղած փաստերն ակնհայտորեն վկայել են այն ամենի մասին, որը քրեաիրավական լեզվով ասած այդ պահին մեր երկրում կոչվում է սահմանադրական կարգ տապալել», - ընդգծեց Արթուր Դավթյանը:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ, երկրորդ նախագահին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվել էին հակասահմանադրական և անվավեր։ Դրա հիման վրա նրանց գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը դադարեցրեց նրանց քրեական հետապնդումը և արդարացրեց ավելի քան 2,5 տարի 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններով գործով մեղադրվող նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին։

«Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան», - ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազն այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության տարեկան հաղորդումը։ Արթուր Դավթյանը հայտնեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում շուրջ մեկ տասնյակ անձանց վերաբերյալ գործերն ավարտին են հասնում։

Մինչդեռ Դատախազության հայցերը հակակոռուպցիոն դատարանները պետք է քննեն, որոնք դեռ չեն ձևավորվել։ Գլխավոր դատախազության կազմում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մոտ կես տարի առաջ է ձևավորվել։

Նոր վարչությունը սեպտեմբերից մինչև տարեվերջ ստացել է շուրջ 200 քրեական գործերի մասին նյութեր, որոնք վերաբերում են 430 մարդու։ Դրանք հիմնականում հնչեղ գործերն են։ Նրանցից մոտ կեսը՝ 213-ը իրավապահները որոշել են չուսումնասիրել։ Պատճառներից մեկն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքը ենթակա է բռնագանձման, եթե գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը կամ մոտ 100 հազար դոլարը։ Չուսումնասիրված գործերի մեծ մասը հենց այս հիմքով են, կան նաև անձինք, որոնց պատկանող գույքը, ըստ ուսումնասիրությունների, չեն համապատասխանել ապօրինի ձեռքբերման պայմաններին։