Մատչելիության հղումներ

Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ Մարտի 1-ի զոհերի հարազատները պետք է արդարադատություն փնտրեն ՀՔԾ-ում


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող տեղ ունենալ իրավական պետությունում, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը՝ շարունակելով՝ դատարանը հաստատեց էսօրվա մեղադրանքի ապօրինի լինելը։

«Ես չեմ ասում՝ Մարտի 1 չի եղել, ես երբեք չեմ ասել՝ Մարտի 1-ին զոհեր չեն եղել, ես չեմ ասել, որ Մարտի 1-ին այս երևույթը, կամ այն երևույթը եղել է կամ չի եղել, ես ընդամենը ասել եմ՝ պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող տեղ ունենալ իրավական պետությունում», - նշեց Օրբելյանը՝ շարունակելով․ - «Դուք հիմա մեղավոր եք փնտրում դատավորների մեջ, գնացեք դատախազություն, Քննչական մարմին և իշխանություններ։ Որտե՞ղ պետք է արդարադատություն փնտրեն զոհերի հարազատները, Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ դեռևս քննվում է քրեական գործը՝ մոտ 500 հատոր, որի շրջանակներում մենք նյութերը պահանջեցինք դատարան, մեզ չտվեցին։ Զոհերի իրավահաջորդները զարմանալիորեն ասացին՝ «մենք էլ չենք ուզում, չենք միանում, թող դա քննվի», քննվի-քննվի, խնդրեմ»։

Դիտարկմանը, թե զոհերի իրավահաջորդները պատճառաբանել են՝ նշելով, որ վկաներ կան, որոնց չեն ուզում, որ Դուք իմանաք, Օրբելյանն այսպես արձագանեց․ - «Պատճառաբանել են, լավ են արել, եթե գտնում են, որ վկաներ կան, որոնց վախենում են, որ մենք կիմանանք, ես կիմանամ, որ վկաներ կան, խնդրեմ, ուրեմն թող մեզ չմեղադրեն՝ որտե՞ղ փնտրենք, ուրեմն գիտեն իրենք, որ վկաներ կան, ինչ-որ գործեր կան, խնդրեմ, գնացեք էնտեղ, էն գործերում գտեք, մահվան հանգամանքները բացահայտեք։ Ես կրկնում եմ՝ մաքսիմում ես կարող եմ այդ նյութերն ունենամ, կարդամ, կարծիք հայտնեմ։ Ես չունեմ 500 հատորը, ես ունեմ 100 հատորը, ունեմ առանձնացված գործ, ունեմ մեղադրանք, ես ասում եմ՝ էս մեղադրանքը չի կարող գոյություն ունենալ։ Ես չեմ պլանավորում որևէ մեկին ո՛չ արդարացնեմ, ո՛չ մեղադրեմ Մարտի 1-ի գործընթացների համար, կամ ոչ գործընթացների համար։ Ասում եմ հետևյալը՝ կա ապօրինի մեղադրանք, ապօրինի մեղադրանքը հասավ իր ապօրինի մեղադրանքի տրամաբանական ավարտին՝ դատարանը հաստատեց էսօրվա մեղադրանքի ապօրինի լինելը»։

Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

«Պետք է պահանջել, որ ՀՔԾ-ն 10 զոհերի մահվան հանգամանքներն առանձին-առանձին բացահայտի»

Ընդգծելով, որ չի կարելի Մարտի 1-ի գործն ամբողջությամբ լցնել մեկ կաթսայի մեջ, հակառակ պարագայում բորշչ կստացվի՝ Օրբելյանն ասաց՝ պետք է պահանջել, որ Հատուկ քննչական ծառայությունը 10 զոհերի մահվան հանգամանքներն առանձին-առանձին բացահայտի։

«Մենք չենք կարող Մարտի 1-ի գործը բոլորը լցնենք մի կաթսայի մեջ ու ասենք՝ այ սա մի գործ է։ Էդ ժամանակ մենք ունենում ենք, կներեք, բայց բորշչ, կամ սոլյանկա։ Մենք պետք է ունենանք առանձին-առանձին էպիզոդներ և առանձին-առանձին քննենք։ Պետք է պահանջվի, որ Հատուկ քննչական ծառայությունը մահվան հանգամանքները առանձին-առանձին բացահայտի, մենք հիմա նույնիսկ պետք է չխմբավորենք տասը անձանց մահվան հանգամանքը որպես մի երևույթ, ինքը տասը առանձին երևույթ պետք է քննվի։ Մենք չպետք է ասենք՝ 186 անձի մարմնական վնասվածք, դա հակամարդկային է նայվում, որովհետև մենք մարդկանց սարքում ենք մի հատ խումբ ու ասում ենք՝ այ էս խմբի խնդիրը։ Ամեն մեկն ունի մահվան առանձին հանգամանք, ամեն մեկն ունի մարմնական վնասվածք ստանալու առանձին հանգամանք և հումանիստական մոտեցումը ենթադրում է ամեն մեկին ինդիվիդուալ մոտեցում և ամեն մեկի առանձին հանգամանքների պարզում», - նշեց Քոչարյանի պաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG