Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանի գնահատմամբ՝ դատախազության բողոքը սիմվոլիկ նշանակություն ունի՝ ցույց տալու, որ իրենցից կախված ամեն բան անում են


Մարտի 1-ի գործով արդարացված երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դեռ չի ստացել Գլխավոր դատախազության՝ վերաքննիչ ատյան ուղարկված բողոքը, բայց պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը թեև բողոքարկման ենթակա է, միևնույն է, այս գործընթացը խորհրդանշական է։

Բարձր դատարանն է որոշել, որ 2008-ի Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահին ու նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող քրեական օրենսգրքի սահմանադրական կարգը տապալելու հոդվածը հակասահմանադրական ու անվավեր է, իսկ դա նշանակում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի արդարացման որոշումը վերաքննիչ դատարանը չի կարող բեկանել։

«Եթե հոդվածը գոյություն չունի, 300․1 հոդվածն այլևս գոյություն չունի, և եթե դատարանն էդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել է, էդ բողոքն ուղղակի սիմվոլիկ նշանակության բողոք է, որպեսզի ցույց տան, որ տեսեք, դատախազությունն իրենից կախված ամեն բան անում է», - ասաց Քոչարյանի պաշտպանը։

Գլխավոր դատախազությունը չի պարզաբանում, թե ինչ հիմնավորումներ են ներկայացրել վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ, մեղադրող դատախազները լրագրողներին ասել էին, թե արդարացման որոշմանը ծանոթանալուց հետո կորոշեն՝ բողոքարկե՞լ, թե՞՝ ոչ։

Պաշտոնաթող նախագահի պաշտպան Ալումյանն ասում է, որ բողոքարկման երկու հիմք կա՝ մեկով կողմը կարող է պնդել, որ քրեական հետապնդումը չպետք է դադարեցվեր, ինչն այս դեպքում չի կարող գործել, մյուսով՝ կարող են վիճարկել Աննա Դանիբեկյանի կողմից մեղադրանքի վերաորակման համար Սահմանադրական դատարան չդիմելու հարցը։ Բայց, ըստ փաստաբանի, վերաքննիչ ատյանը չի կարող քննել նման հարց, քանի որ վճռաբեկ դատարանը ժամանակին գրել է՝ առաջին ատյանի կողմից Սահմանադրական դատարան դիմել չդիմելը վերաքննիչ բողոք բերելու հիմք չէ։

«Եվ երկրորդ հիմքը տեսականորեն, որը կարող է գոյություն ունենալ, նա էր, որ դիմել վերաքննիչ դատարան՝ բողոքելով, որ «այ, առաջին ատյանի դատարանը պիտի դիմեր Սահմանադրական դատարան, մենք էդ հարցը բարձրացրել ենք, բայց առաջին ատյանի դատարանը չի դիմել Սահմանադրական դատարան նախքան գործի վարույթը կարճել», բայց Էդ մի հարցը վերաքննիչ դատարանի քննարկման առարկա լինել չի կարող», - ասաց Ալումյանը։

Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին արդարացնելուց առաջ մեղադրող դատախազները միջնորդել էին դատարանին գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան, բայց դատավոր Աննա Դանիբեկյանը նրանց միջնորդությունը չէր քննել։

Դատախազները պնդում էին, որ մինչև արդարացման որոշում կայացնելը դատավորը պետք է գործը կասեցնի և մի շարք դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով դիմի Սահմանադրական դատարան։

Իր հերթին բարձր դատարան է դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խնդրելով ստուգել մի շարք հոդվածների սահմանադրականությունը, որպեսզի հնարավորություն ունենան վերաորակել մեղադրանքը։ Դատախազությունը մտադիր է Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրել պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

2008-ի հետընտրական բախումների հետևանքով Երևանի կենտրոնում տասը մարդ էր սպանվել, մեղադրող կողմը պնդում էր, որ դա տեղի է ունեցել Հայաստանում սահմանադրական կարգի տապալման հետևանքով։

XS
SM
MD
LG