«300.1 հոդվածի ձևակերպումը, ոչ թե անունը` սահմանադրական կարգ տապալել, այլ այն, որ ասում են` ինչ պիտի անես, որ համարվի սահմանադրական կարգ տապալել, իր մեջ ունի բազմաթիվ հակասություններ, և պարզ չէ: Դա առաջին օրերից ասել ենք», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասում է «Կոնցեռն դիալոգի» փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա հավելում է, որ թեև 300․1 հոդվածի մասով գործը փակված է, սակայն Մարտի 1-ի գործի քննությունը շարունակվում է։
Պաշտոնաթող նախագահն ու նրա նախկին երեք ենթականերն 2008-ի արյունալի դեպքերի գործով արդարացվեցին, քանի որ բարձր դատարանն անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդվածը։ Այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունեն միայն երկրորդ նախագահ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Օդում չի մնալու, կա 500 հատոր գործ, և այդ 500 հատոր գործը շարունակվում է»
«Իրականում 300.1 հոդվածի ձևակերպումը, ոչ թե անունը` սահմանադրական կարգ տապալել, այլ այն, որ ասում են` ինչ պիտի անես, որ համարվի սահմանադրական կարգ տապալել, իր մեջ ունի բազմաթիվ հակասություններ, և պարզ չէ: Դա առաջին օրերից ասել ենք», - ասաց Արամ Օրբելյանը` ի պատասխան հարցին, թե 300.1 հոդվածը, նաև որով էր մեղադրվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում, հակասահմանադրական ճանաչվեց, «բայց հարյուրավոր ցուցմունքներ կան, վկաներ, տուժողների հարազատներ, այս ամենն այսպես օդում ինչպե՞ս կմնա»:
Արամ Օրբելյանը նկատեց` կդժվարանա ասել` գործը կբացահայտվի, թե չէ, որովհետև քննչական մարմինները պետք է կենտրոնանան բոլոր հանգամանքները բացահայտելու համար, սակայն ինքը կարծում է. «Ցավոք սրտի, քննչական մարմինները կենտրոնացած են տվյալ դեպքում վերջին 3 տարվա ընթացքում պարոն Քոչարյանին և այլ անձանց մեղադրելու մեջ: Ունենք 180-ից ավելի ոստիկան, որոնք ստացել են վիրավորում, ունենք քաղաքացիական անձ, որը ստացել է տարբեր աստիճանի առողջական վնասվածք։ Ունենք 10 զոհ, ում մահվան հանգամանքները պարզված չեն։ Ունենք բազմաթիվ գույքային վնաս. այրվել են մեքենաներ, խանութներ են թալանվել և այլն։ Տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խոսքը գնում է 2008 -ի մարտի 1-ի երեկոյան մասին, ոչ առավոտվա: Եթե 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, որովհետև որոշակի չի, դա չի նշանակում, որ անձանց մահվան հանգամանքները չպետք է քննվեն»:
«Պարոն Քոչարյանին առաջադրել են սահմանադրական կարգ տապալելու մեղադրանք, տրված է մի տեքստ, նկարագրված են երևույթներ, որի արդյունքում ասում են` մեր կարծիքով` սա սահմանադրական կարգ տապալել է: Մենք ի սկզբանե ասել ենք` մեզ համար պարզ չէ` ընդհանրապես ինչում եք մեղսագրում», - ասաց նա:
Ըստ փաստաբանի` արդյունքում 300.1 հոդվածը դառնում է ոչ որոշակի, հետևաբար այդ մասով գործը պետք է փակվի. «Օդում չի մնալու, կա 500 հատոր գործ, և այդ 500 հատոր գործը շարունակվում է, կա քրեական գործ, որի շրջանակներում քննվում են բազմաթիվ էլեմենտներ Մարտի 1-ի գործի շրջանակներում:
Հետևաբար երբ որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, որովհետև որոշակի չի, դա չի նշանակում, որ անձանց մահվան հանգամանքները չպետք է քննվեն»:
Սա մեր ընթացիկ գործերի նման գնագոյացում ունի. փաստաբան
Այս գործը կապ չունի 10 զոհերի հետ, վստահ է Արամ Օրբելյանը: Ընդգծեց` դա ասում են ոչ միայն իրենք, այլև մեղադրող դատախազը, ՀՔԾ պետը:
Պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե Մարտի 1-ը 10 կենսագրություն ջնջեց, իսկ հիմա ինչպե՞ս կարձագանքի իրեն ուղղված մեղադրանքներին, որ այս տարիներին բավականին մեծ գումարներ է ստացել, արհեստականորեն ձգձգել են նիստերը` հույսը դնելով ՍԴ-ի վրա` բանախոսը նշեց. «Ինչքան գումար ենք ստացել, ինչքան գումար չենք ստացել, սա եթերում քննարկման առարկա չի, բայց չեմ ստացել, վստահեցնում եմ, չեմ ստացել ավելին, քան այլ գործերով, պակաս, քան այլ գործերով, այսինքն` սա մեր ընթացիկ գործերի նման գնագոյացում ունի»:
Ինչ վերաբերում է 3 տարի ձգձգելուն, ապա նա շեշտեց ևս մեկ անգամ` իրենք ի սկզբանե ասել են, որ այդ հոդվածն ու մեղադրանքը հստակ չեն, հետադարձ ուժի խնդիր կա:
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հետո որևէ իրեն գոնե 5 տոկոս հարգող դատարան չէր կարող ասել, որ այս հոդվածը բավականին հստակ է»
Փաստը մնում է փաստ, որ երկրորդ նախագահը 537 օր ապօրինի գտնվել է կալանքի տակ, հիշեցնում է Արամ Օրբելյանը: Ըստ նրա` կենտրոնական խնդիրը հենց դա է, ինչը չէր լինի, եթե այս ամբողջ գործընթացը լիներ ժամանակին: Նա հիշեցնում է` Սահմանադրական դատարանն է հոդվածը հակասահմանադրական ճանաչել:
«Որոշման ընդունման համար հարկավոր էր 5 ձայն, հետևաբար առնվազն, իրականում 8:0 ոնց որ ասացին, որոշում է տեղի ունեցել, այսինքն` 8 հոգին էլ ասել են, որ այո, այստեղ կա սահմանադրականության խնդիր», - ասաց նա: Հարցին, թե փակ քվեարկություն է եղել, ինչպե՞ս է ինքն իմացել, որ 8-ն էլ այդպես են որոշել, պատասխանեց, որ չի իմացել, սակայն հերքում չեղավ. «Մենք տեսել ենք, որ հատուկ կարծիք չկար: Թող 5:3 լինի, առնվազն նոր նշանակված դատավորներից մեկը գտել է, որ սահմանադրական խնդիր կա, իրականում խնդիրը հետևյալն է` Վենետիկի հանձնաժողովի իմ ասած կարծիքից հետո որևէ իրեն գոնե 5 տոկոս հարգող դատարան չէր կարող ասել, որ այս հոդվածը բավականին հստակ է»:
Օնիկ Գասպարյանի ազատման մասին
Հարցին, թե լինելով ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը` արդյոք չի՞ կարծում, որ Գասպարյանի հայտարարությունը` վարչապետի հրաժարականի պահանջելու մասին, քաղաքական էր, ինչն արգելվում է, Օրբելյանն արձագանքեց. «Կա աշխատանքից ազատելու գործընթաց, որի շրջանակներում պարունակական պատճառը կարող է դա, քննարկում են, որ դա է, բայց որևէ ձև դրա վրա ես հղում չեմ տեսնում, այսինքն` չկա գործընթաց, որ այս անձը կատարել է քաղաքական հայտարարություն:
Մենք ունենք հետևյալ կառուցակարգը` վարչապետն ասում է` ես ձեզ աշխատանքից ազատում եմ, որովհետև այդպես եմ ուզում, 2018-ին ես օրենքում գրել եմ, որ երբ ուզեմ, ձեզ կարող եմ աշխատանքից ազատել, դուք էլ չեք կարող քննարկել: Սա պարզեցված ձևով մոտավորապես իրենց պնդումն է»:
Նա հիշեցրեց, որ նախագահը հրամանագիրը չի ստորագրել, այն չի ուղարկել ՍԴ:
«Մենք ասում ենք` չի կարող իրավական երկրում լինել գործընթաց, վարչապետը չլինի, ով ուզում է` լինի, որ ասի` ես ուղղակի երբ որ ցանկանամ քեզ աշխատանքից հանեմ, հանեմ, կան պաշտոններ, որ այդպիսին են, դրանք քաղաքական պաշտոններ են», - հավելեց նա:
Հարցին` դա քաղաքակա՞ն հայտարարություն է, թե՞ ոչ, Օրբելյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունը ես ինքս որպես այդպիսին չեմ գնահատել, իր մեջ կարելի է դիտել որոշակի քաղաքական էլեմենտներ, կարելի է չդիտել որոշակի քաղաքական էլեմենտներ»:
Նա դժվարացավ գնահատական տալ՝ սպայական անձնակազմի հայտարարությունը քաղաքական է, թե ոչ, շեշտեց` ինքն Օնիկ Գասպարյանին ներկայացնում է վարչարարական գործի շրջանակներում:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.